Չինական Hongqi ընկերությունը ներկայացրել է EHS7 քրոսովերի նախատիպը (տեղական շուկայում հայտնի է որպես Tiangong 08), որն ունի տանիքին տեղադրված արևային վահանակ։

Վահանակի հիմքում գտնվում են պերովսկիտային ֆոտոէլեկտրական տարրեր։ Լավ լուսավորության պայմաններում տանիքը տարեկան արտադրում է մինչև 400 կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ ամենօրյա լրացուցիչ սնուցումը ընթացքի պաշարը մեծացնում է մոտ 80 կիլոմետրով։

Աղբյուրի տվյալներով՝ նման լրացուցիչ ընթացքը բավական է, որպեսզի ապահովի էլեկտրամեքենաների չինացի վարորդների 85 տոկոսի ամենօրյա երթևեկությունը։ news.am-ը փոխանցում է, որ այլ կերպ ասած՝ սեփականատերերի մեծամասնությանը նման համակարգը թույլ կտա գրեթե չմտածել կանոնավոր լիցքավորման անհրաժեշտության մասին։

Տեխնոլոգիայի սերիական մոդելներում հայտնվելու ժամկետներն առայժմ չեն բացահայտվում։ Միաժամանակ, Hongqi-ում ընդգծում են, որ ֆոտոտարրերը ստացվել են թեթև, ճկուն և արտադրության իմաստով էժան, ուստի ապագայում դրանք կարող են ինտեգրվել ոչ միայն տանիքի, այլև թափքի այլ տարրերի մեջ։

Սակայն սերիական արտադրություն սկսելուց առաջ ինժեներները դեռ պետք է լուծեն համակարգի հուսալիության հետ կապված հարցերը։ Եթե փորձարկումները հաջող անցնեն, արևային վահանակները կօգնեն բրենդին ամրապնդել դիրքերը էլեկտրամոբիլների շուկայում, որտեղ Hongqi-ն առայժմ զիջում է հիմնական մրցակիցներին։

Share.