Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «ստացված հրահանգների համաձայն» սկսել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների դեմ զանգվածային հարվածների նախապատրաստումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է նախարարության Telegram ալիքում։

Նախարարությունը սա անվանել է «Կիևի ռեժիմի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վրա շարունակական հարձակումների» պատասխան։

Օգոստոսի սկզբից ուկրաինացի քաղաքական գործիչներն ու զինվորական պաշտոնյաները զգուշացնում են, որ գալիք ձմեռը բարդ է լինելու, մասնավորապես՝ ռուսական հարձակումները հետ մղելու համար նախատեսված ՀՕՊ միջոցների պակասի պատճառով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ամփոփելով ուկրաինացի դիվանագետների աշխատանքը էներգետիկ աջակցության և ՀՕՊ հրթիռների փոխանցման վերաբերյալ, նշել է, որ «այս տարի ձմեռը բոլորի համար հստակ առաջնահերթություն է»։

Bloomberg-ը հաղորդել է, որ Ռուսաստանը պատրաստվում է սրել Ուկրաինայի դեմ հարվածները՝ համարելով, որ խաղաղության բանակցությունները փակուղի են մտել։ Գործակալության տվյալներով՝ Մոսկվան քննարկում է Կիևի դեմ ավանդական բալիստիկ հրթիռային հարվածների ինտենսիվացումը, այդ թվում՝ Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնի, ինչպես նաև երկրի այլ քաղաքների ենթակառուցվածքների վրա։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը «կոշտ պատասխան» է տալիս Ուկրաինայի կողմից ռուսական տնտեսական և առևտրային ենթակառուցվածքների վրա հարվածներին, սակայն Մոսկվային «պետք չէ» ռազմական էսկալացիա. «Ուկրաինան փորձում է հարվածել մեր տնտեսական ենթակառուցվածքներին, մեր առևտրային ենթակառուցվածքներին՝ դրանով իսկ հրահրելով մեր կողմից պատասխան միջոցներ, և դա կլինի կոշտ պատասխան։ Բայց եթե խոսքը ռազմական էսկալացիայի մասին է, ապա մեզ պարզապես դա պետք չէ, քանի որ մենք միևնույն է առաջ ենք շարժվում», – ասել է նա։

Share.