Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանին գտնվող Նորդուզ սահմանային անցակետով առևտրի և տարանցման համար առկա խոչընդոտները։ Այդ մասին տերմինալ այցելության ընթացքում հայտարարել է Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Հոսեյն Ֆորուզանը, հաղորդում է IRNA գործակալությունը։
Ըստ նրա, սահմանային անցակետում առկա խնդիրների լուծումը պահանջում է մշտական վերահսկողություն և հստակ համակարգում սահմանին աշխատող բոլոր պետական և վերահսկողական կառույցների միջև։
Ֆորուզանը կոչ է արել գերատեսչություններին հրաժարվել մասնատված որոշումների ընդունումից, որպեսզի պարզեցվեն առևտրային և տարանցիկ ընթացակարգերը։ Նա նշել է, որ բեռնատար տրանսպորտի պարապուրդի ժամանակի կրճատումն ու մաքսային ծառայությունների արդյունավետության բարձրացումը անմիջականորեն կապված են արտահանման զարգացման հետ։
Պաշտոնյայի կարծիքով, առկա խոչընդոտները պետք է օպերատիվ կերպով վերացվեն՝ հիմնվելով փորձագիտական վերլուծության վրա։ Նա նաև անհրաժեշտ է համարել Նորդուզում ենթակառուցվածքների զարգացումն ու մաքսային ընթացակարգերի պարզեցումը՝ տարածաշրջանի տարանցիկ ներուժն ավելի արդյունավետ օգտագործելու համար։
Նորդուզ սահմանային անցակետը գտնվում է Ջուլֆա քաղաքում՝ Արաքս գետի անմիջական հարևանությամբ։ Սա Իրանի և Հայաստանի սահմանի միակ ցամաքային հատվածն է։ Անցակետն ունի ռազմավարական նշանակություն Իրանի առևտրային կապերի համար Եվրասիական տնտեսական միության երկրների հետ։
Ֆորուզանի այցը Նորդուզ կայացել է նրա Արաս ազատ տնտեսական գոտի կատարած ուղևորության երկրորդ օրը։ Մեկ օր առաջ նա հանդիպել էր տարածաշրջանի ներդրողների և բիզնեսի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետի հետ միասին մասնակցել էր 16 ենթակառուցվածքային և տնտեսական նախագծերի հիմնարկեքի ու բացման արարողություններին։
