Բրիտանական իշխանությունները նախապատրաստական աշխատանքներ են սկսել՝ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում վարչապետ Էնդի Բերնհեմի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը կազմակերպելու համար: Թեև այցի վերջնական որոշումը դեռևս կայացված չէ, ինքը՝ Բերնհեմը, հայտնել է ամենամյա վեհաժողովին մասնակցելու իր մտադրության մասին: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Ըստ The Guardian պարբերականի՝ Թրամփի հետ հանդիպումը դեռևս դիտարկվում է որպես հնարավոր սցենար։ Այնուամենայնիվ, Բերնհեմի սպասվող այցի ֆոնին բրիտանացի պաշտոնյաներն արդեն ակտիվացրել են երկու առաջնորդների առաջին հանդիպման նախապատրաստությունը:

«Մեծ ոգևորությամբ եմ սպասում սեպտեմբերյան այցին», — Bloomberg-ին տված հարցազրույցում նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, հավելելով, որ կառավարության ղեկավարի պաշտոնում դա իր առաջին արտասահմանյան ուղևորությունն է:

Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո Բերնհեմն ընդգծել է, որ Նյու Յորք մեկնելու հավանականությունն ավելի է մեծացել։ Նա հավելել է, որ առաջիկա շաբաթները նախատեսում է տրամադրել Կիևին աջակցելու հետ կապված հարցերի կարգավորմանը:

Կիևյան այցի ընթացքում Բերնհեմը դաշնակիցներին կոչ է արել ավելացնել Ուկրաինային փոխանցվող հակաօդային պաշտպանության համակարգերի, հատկապես ամերիկյան Patriot հրթիռների ծավալները: Բացի այդ, նա նախագահել է Ուկրաինային աջակցող «կամավորների կոալիցիայի» նիստը՝ շեշտելով ուկրաինական սպառազինության պաշարների անընդհատ լրացման կարևորությունը:

Սեպտեմբերի 22–28-ը նախատեսված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ կհավաքվեն աշխարհի շուրջ 200 առաջնորդներ: Այս ուղևորությունը Բերնհեմին հնարավորություն կտա ոչ միայն Թրամփի հետ քննարկել Ուկրաինային ցուցաբերվող հետագա օգնությունը, այլև երկկողմ բանակցություններ վարել այլ պետությունների ղեկավարների հետ:

Նյու Յորքում Բրիտանիայի վարչապետը և արտգործնախարար Էդ Միլիբենդը մտադիր են անդրադառնալ նաև միջազգային օրակարգի այլ հարցերի, այդ թվում՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակին և Սուդանի հումանիտար ճգնաժամին:

Կիևում գտնվելու ընթացքում Բերնհեմը հայտարարել է նաև, որ Բրիտանիայի կառավարությունը թույլատրելու է պաշտպանական MBDA ընկերությանը բացահայտել Storm Shadow/SCALP անգլո-ֆրանսիական հրթիռներում օգտագործվող բրիտանական բաղադրիչները, հավելելով, որ այն կհեշտացնի Ուկրաինայի կողմից սեփական հրթիռի մշակումը:

Բերնհեմը վստահեցրել է Զելենսկուն, որ Ուկրաինայի հանդեօ Լոնդոնի աջակցությունը մնում է «անհողդողդ»՝ միաժամանակ նշելով, որ սպառազինության դեֆիցիտը կարելի է հաղթահարել Կիևին օգնելու պատրաստակամություն ունեցող այլ երկրների հետ բանակցելու միջոցով:

Share.