ԱՄՆ-ն Ուկրաինային խնդրել է ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի ուղղությամբ հարվածները, քանի որ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռետկլիֆը Մոսկվայում է և երեքշաբթի օրվա դրությամբ բանակցություններ է վարում ռուս պաշտոնյաների հետ։ Այս մասին, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է Axios-ը։

Իրավիճակին ծանոթ աղբյուրի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը նախապես տեղեկացրել է Կիևին ամերիկյան բարձրաստիճան պատվիրակության՝ Մոսկվա ուղևորվելու մասին և խնդրել է ուկրաինական կողմին հարվածներ չհասցնել Ռուսաստանի տարածքին՝ մինչև պատվիրակության հեռանալը։

Ռետկլիֆը կիրակի օրը Վաշինգտոնից մեկնել է ԱՄՆ կառավարական ինքնաթիռով, ապա ուղևորվել Լատվիա։ Երեքշաբթի օրը նա ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռով Ռիգայից թռել է Մոսկվա։

Պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Ռետկլիֆի առաջին այցն է Մոսկվա․ հունվարից հետո Դոնալդ Թրամփի վարչակազմի որևէ այլ այդքան բարձրաստիճան ներկայացուցիչ չի մեկնել Ռուսաստան։

ԿՀՎ-ն չի արձագանքել մեկնաբանություն տալու մի քանի հարցումներին։ Ռետկլիֆի ուղևորության մասին առաջինը հայտնել է CBS հեռուստաալիքը։

Share.