ԿՀՎ ղեկավար Ջոն Ռետկլիֆը ժամանել է Մոսկվա։ Այս մասին հայտնել է CBS News-ի թղթակիցը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Նրա այցը պաշտոնապես դեռևս չի հաստատվել։

Միևնույն ժամանակ, Reuters գործակալությունը հաղորդում է, որ երեքշաբթի օրը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք է կատարել ամերիկյան Boeing C-17 Globemaster ռազմատրանսպորտային ինքնաթիռը (գրանցման համարը՝ 07-7181)։ Flightradar24 ծառայության տվյալներով՝ ինքնաթիռը Մոսկվա է ժամանել Ռիգայից։

Reuters-ին չի հաջողվել պարզել, թե արդյոք օդանավում եղել են ուղևորներ կամ բեռ։ Կրեմլում հայտարարել են, որ տեղեկություն չունեն ինքնաթիռի մասին։

Ըստ գործակալության տվյալների՝ ինքնաթիռը Ռիգա է ժամանել օգոստոսի 23-ին Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Մերիլենդ նահանգում տեղակայված «Քեմփ Սփրինգս» ավիաբազայից։

Տեղեկության հաստատման դեպքում Ռետկլիֆը կդառնա ԱՄՆ վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որն այցելել է Ռուսաստան՝ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու նպատակով։

Նախորդ անգամ ամերիկյան ինքնաթիռը Եվրոպայից Ռուսաստան ուղիղ չվերթ է կատարել հունվարին։ Այդ ժամանակ ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվայում բանակցություններ են վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Share.