Մեր նպատակը Ռուսաստանի հետ փոխշահավետ բազմավոլորտ համագործակցության ուղղված երկխոսություն է, հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Սա հեշտ գործընթաց չէ, բայց մենք առանց կրքեր բորբոքելու գնալու ենք այս ճանապարհով։ Բայց պետք է ասել ուղիղ, որ արտահանման այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանի Դաշնությունը կիրառում է Հայաստանի նկատմամբ, քաջալերված և խնդրված են Հայաստանյան ընդդիմության կողմից, որոնք ռուսաստանյան որոշ շրջանակների առաջ ստանձնել են Հայաստանում իշխանափոխություն անելու հանձնարարություն և այդ շրջանակներին հավաստիացրել, որ սահմանափակումների գործադրումը կերաշխավորի իրենց հաղթանակը հունիսի 7–ի ընտրություններում։
Հայաստանյան այդ նույն շրջանակները, հիմա էլ ռուսաստանյան այդ նույն շրջանակներին հավաստիացնում են, որ եթե սահմանափակումները շարունակվեն և ավելի խստացվեն, իրենք վստահաբար փողոցային պայքարով իշխանափոխություն կանեն։ Գաղտնի պլանը, որի մասին խոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներից մեկը, հենց սա է։
Ըստ այդ պլանի, իրենց հովանավորների աջակցությամբ պետք է այնպիսի տնտեսական սահմանափակումներ մտցվեն, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական ճգնաժամ սկսվի, որպեսզի ժողովուրդը կառավարության դեմ սոցիալական բունտ անի։ Իհարկե, սա նմանօրինակ առաջին պլանը չէ, նման մի քանի պլաններ նախկինում արդեն տապալվել են, այս մեկն էլ կտապալվի, որովհետև Հայաստանի ժողովուրդը իր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը չի զիջի մաֆիային և Հայաստանի տնտեսությունն էլ կշարունակի իր դինամիկ զարգացումը։ Ու վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր է հավասարակշռման և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ներդնել նաև տնտեսության ոլորտում և ունենալ տնտեսական դիվերսիֆիկացված հարաբերություններ։
Եվ ընդհակառակը, վերջին ամսվա իրադարձությունները ցույց տվեցին, թե տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան ինչպես է օգնում, որ գլոբալ ճգնաժամը հետևանքները ի վիճակի լինենք մեղմացնել։
Հորմուզի նեղուցում և Ռուսաստանում նավթամթերքի մատակարարումների հետ կապված ճգնաժամի հետևանքով Հայաստանը բենզինային ճգնաժամի առաջ չկանգնեց, որովհետև նավթամթերքի շուկան ազատականացվեց, այսինքն հեղափոխությունից առաջ վերահսկվողը ազատականացվեց։ 2025-ին սրան գումարվեց նաև Ադրբեջանից նավթամթերք ներմուծելու հանգամանքը։
Բոլորս մոռացել ենք որ 2008 թվականին Օսեթիայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով Հայաստանի բենզինի շուկան կաթվածահար էր եղել, իսկ այսօր գլոբալ փոփոխությունները, այո, գների վրա ազդեցություն ունեցավ, բայց ապրանքի առկայության հարց ընդհանրապես չառաջացավ։
Դիվերսիֆիկացման այս տրամաբանությունը պետք է կիրառել տնտեսության բոլոր ճյուղերում, արտահանումների և ներմուծումների ոլորտում, և մենք գնալու ենք այս ճանապարհով, որովհետև ակնհայտ է, որ մեկ շուկայից անհամաչափ կախվածությունը, անկախ նրանից տվյալ պահին այդ շուկայի հետ կապված որևէ դժվարություն առկա է, թե ոչ, սպառնալիք է, որը ցանկացած պահի կարող է կիրառվել երկրի անկախությունը սահմանափակելու համար։
Սա այն դեպքն է, որի կառավարման ճշգրիտ բանաձև գոյություն ունի, անկախությունը, քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածության, և նավթամթերքի շուկան այս բանաձևի կիրառման փայլուն օրինակ է։
2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նավթամթերք են ներմուծվել 20 տարբեր երկրներից, սա իրական դիվերսիֆիկացիա է»։
