Մեծ Բրիտանիայում յոթ մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, զոհվել են ոստիկանության հետապնդումից հետո տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը, ժամը մոտ 3:39-ին, A66 մայրուղում, Միդլսբրոյի մոտ, հաղորդել է PA Media-ն։
Քլիվլենդի ոստիկանության տվյալներով՝ «Volkswagen Passat» ավտոմեքենան ընթանում էր հանդիպակաց գոտիով և բախվել է ճիշտ ուղղությամբ շարժվող ոստիկանական մեքենային։ Ծառայողական ավտոմեքենայում գտնվող երկու ոստիկանները և Passat-ի հինգ ուղևորները տեղում մահացել են։
Վթարից առաջ ոստիկանության աշխատակիցները նկատել էին կասկածելի ավտոմեքենա և հետապնդում էին սկսել։ Դրանից հետո Volkswagen-ը դուրս է եկել A66 մայրուղի, որտեղ էլ տեղի է ունեցել բախումը։
Վթարի հանգամանքները քննվում են Ոստիկանության վարքագծի հարցերով անկախ գրասենյակի (IOPC) կողմից։ Ոստիկանությունը նաև պարզում է Volkswagen-ում զոհված բոլոր անձանց ինքնությունը և աջակցություն է ցուցաբերում նրանց ընտանիքներին։
Մայրուղու այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել մահացու միջադեպը, փակ է երկու ուղղություններով։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, տեղադրվել է վրան՝ քննչական գործողություններ իրականացնելու համար, սահմանվել է անօդաչու թռչող սարքերի համար արգելված գոտի։
Քլիվլենդի ոստիկանության պետ Վիկտորիա Ֆուլերը կոչ է արել չտարածել ենթադրություններ ողբերգության պատճառների մասին մինչև հետաքննության ավարտը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը և ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին։
Ռեդքարից պատգամավոր Աննա Թյոռլին նշել է, որ զոհված երկու ոստիկանները ծառայությանմեջ էին և աշխատանքի էին մեկնել բնակիչների անվտանգությունն ապահովելու համար, սակայն այլևս տուն չվերադարձան իրենց ընտանիքների մոտ։
