Գեղարքունիքի մարզում` Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին տեղի ունեցած վրաերթին զինվորների միջև ծեծկռտուք չի նախորդել։ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու քննչական կոմիտեն կրկին հերքում են տարածել մամուլում շրջանառվող լուրերից մեկի վերաբերյալ։
«Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազներով չեն վազել: «Հրապարակ» օրաթերթում դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ տարածվել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել է, թե դեպքից առաջ` երեկոյան, զորամասի ճաշարանում նորակոչիկների միջև ծեծկռտուք է եղել։ Զինվորները միմյանց քաշքշել են, հրել և հարվածել։ Ըստ թերթի` դրանից հետո շտաբի պետը որոշել է պատժել նրանց ու քնից առաջ դուրս է բերել վազքի` հակագազներով։ Նշենք, որ հակագազներով վազելու մասին մի քանի օր առաջ էլ էին լուրեր շրջանառվել, բայց ՊՆ–ն ու ՔԿ–ն դրանք հերքել էին։
