Իրաքի նախագահ Նիզար Ամիդին հայտարարել է, որ կառավարությունը կկանխի Իրաքի տարածքից այլ երկրներում գտնվող թիրախների վրա հարձակումներ իրականացնելու փորձերը։

«Մենք թույլ չենք տա օգտագործել Իրաքի տարածքը որևէ երկրի վրա հարձակվելու համար: Բոլորը ցանկանում են կանխել Իրաքի ներքաշումը տարածաշրջանում շարունակվող պատերազմի մեջ»,- մեջբերում է Al Jazeera-ն Ամիդիի խոսքերը, որոնք նա ասել է Բաղդադում կայացած անվտանգության համաժողովի ժամանակ:

Նա հավաստիացրել է, որ Իրաքում միայն երկու կամ երեք զինված խմբավորումներ դեռևս հրաժարվում են վայր դնել զենքը, սակայն երկխոսությունն այն թեմայով, որ զինված ուժի կարող են դիմել բացառապես պետական կառույցները, շարունակվում է: Նախագահը հիշեցրել է, որ զինված ուժի նկատմամբ պետական մենաշնորհը ամրագրված է սահմանադրությամբ, և որ Իրաքի հոգևոր իշխանությունները նույնպես աջակցում են այս մոտեցմանը:

Ամիդին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի փակման հետ կապված իրավիճակը վերաբերում է ոչ միայն Իրաքին, այլև ամբողջ աշխարհին: Նա հայտնել է, որ  Իրաքը շարունակում է բանակցությունները Իրանի հետ այս թեմայով: Ամիդիի խոսքով՝ իրաքյան նավթ տեղափոխող մի քանի նավի հաջողվել է անցկացնել Հորմուզի նեղուցով:

Հուլիսի վերջին Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Իրաքի տարածքից արձակված անօդաչու թռչող սարքերի որսման և ոչնչացման մասին, որոնց թիրախը թագավորության Արևելյան նահանգի նավթային օբյեկտներն էին։ Դրանից հետո Սաուդյան Արաբիայի զինված ուժերը, ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հետ համակարգմամբ, թիրախային հարվածներ են հասցրել Իրաքում Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումների նպատակակետերին։

Share.