American Airlines ավիաընկերության՝ Ատլանտայից Դալաս չվերթի ինքնաթիռում ուղևորներից մեկի նոթբուքը բռնկվել է։ Միջադեպից հետո մեկ անձ բժշկական օգնություն է ստացել, հայտնում է BBC News-ը։
Վայրէջքի ընթացքում անձնակազմը դիսպետչերներին հայտնել է սրահի հետևի հատվածում բռնկման մասին։ CBS News-ի տրամադրության տակ հայտնված բանակցությունների ձայնագրության համաձայն, օդաչուն հայտնել է, որ բորտուղեկցորդուհիները փորձում են մարել կրակը, իսկ մի քանի ուղևորներ կարող էին այրվածքներ ստացած լինել։
American Airlines-ի 2398 չվերթը բարեհաջող վայրէջք է կատարել Դալաս-Ֆորտ Ուորթ միջազգային օդանավակայանում։ Վայրէջքից հետո ինքնաթիռը ինքնուրույն հասել է ելքի մոտ, որտեղ նրան արդեն սպասում էին արտակարգ ծառայությունները։ Մեկ ուղևոր տեղում բժշկական օգնություն է ստացել։
Ավիաընկերությունից հայտնել են, որ պատահարի պատճառը ուղևորի էլեկտրոնային սարքից առաջացած ծուխն է եղել, իսկ անձնակազմը արագ տեղայնացրել է բռնկման աղբյուրը։
Լիթիում-իոնային մարտկոցները, որոնցով հագեցվում են նոթբուքերը և այլ էլեկտրոնային սարքեր, կարող են գերտաքանալ և բռնկվել վնասվելու, գերտաքացման, ջրի ներթափանցման, չափից ավելի լիցքավորման կամ սխալ փաթեթավորման դեպքում։
ԱՄՆ Դաշնային քաղաքացիական ավիացիայի վարչության (FAA) տվյալներով, տարվա սկզբից երկրում գրանցվել է լիթիումային մարտկոցների հետ կապված 58 հաստատված միջադեպ՝ ծխով, բռնկմամբ կամ ուժեղ տաքացմամբ։ Վերջին 20 տարիներին նման 84 դեպք կապված է եղել նոթբուքերի հետ։
Ամերիկյան կարգավորողը հիշեցնում է, որ լիթիումային մարտկոցներով սարքերը պետք է տեղափոխել միայն ձեռքի ուղեբեռում, ոչ թե այն ուղեբեռում, որը հանձնվում է բեռնախցիկ։
