ԱՄՆ ռազմածովային ուժերը քննարկում են Gerald R. Ford տիպի չորրորդ ատոմային ավիակրի վերանվանման հնարավորությունը, որը ներկայումս նախատեսվում է անվանակոչել Դորիս Միլլերի պատվին՝ ամերիկացի զինծառայողի, որը հայտնի է դարձել 1941 թվականին Ճապոնիայի կողմից Փերլ Հարբորի վրա հարձակման ժամանակ, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան նավատորմում քննարկումներին ծանոթ երեք աղբյուրների։

Միլլերը ծառայում էր USS West Virginia ռազմանավում որպես խոհարարի օգնական։ Ճապոնական հարձակման ընթացքում նա օգնում էր վիրավորներին և մասնակցում նավի պաշտպանությանը։ Հետագայում Միլլերը դարձավ առաջին սևամորթ զինծառայողը, որը պարգևատրվեց ԱՄՆ ռազմածովային խաչով։

Ապագա ավիակիրը, որը ստացել է CVN-81 նշանակումը, դեռ չի անցել շինարարության հիմնական փուլին։ CNN-ի տվյալներով, ռազմածովային ուժերի ներսում քննարկվել է նավը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին անվանակոչելու հնարավորությունը։ Ընդ որում, նոր անվան վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի ընդունվել, և նավը կարող է կրել մեկ այլ անձի անուն։

Ավանդաբար ԱՄՆ ռազմածովային ուժերը ավիակիրներն անվանակոչում են նախագահների պատվին, սակայն սովորաբար դա անում են նրանց նախագահական ժամկետի ավարտից հետո։ Եթե CVN-81-ն իսկապես ստանա Թրամփի անունը, դա կլինի աննախադեպ, քանի որ նա կդառնա առաջին գործող նախագահը, որի պատվին ռազմանավ կկոչվի։

Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ ավիակիրը շահագործման կհանձնվի միայն 2030-ականների կեսերին՝ արդեն Թրամփի ներկայիս նախագահական ժամկետի ավարտից հետո։

Share.