Ավելի վաղ Ջալալին հայտնել էր, որ Իրանը կարողացել է վնաս հասցնել «Աբրահամ Լինքոլն» ավիակրին:
ԱՄՆ-ն սկսել է ավիակիրները հեռու պահել Իրանի ափերից՝ հակամարտության ընթացքում իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման պատճառով: Այս մասին Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Ջալալին մարտի կեսերին հայտնել էր, որ Իրանը կարողացել է վնաս հասցնել «Աբրահամ Լինքոլն» ավիակրին՝ դրանով իսկ ազդանշան ուղարկելով ԱՄՆ-ին: Դրանից հետո իրանցի զինվորականները բազմիցս հայտնել են ամերիկյան նավատորմի ուղղությամբ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման մասին:
Դեսպանը հավելել է, որ հավանաբար Վաշինգտոնն ընկալել է այդ ազդանշանը։
«Հաշվի առնելով այդ նավերի վիճակի մասին հաղորդագրությունները, թվում է, որ Իրանը դրանց վրա հարվածներ հասցնելու կարիք չունի», – նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով ավիակիրների վրա կրկնակի հարվածների հեռանկարները:
Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:
Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։
