Ռուսաստանի ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում Ռուսաստանի շրջանների, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների վրա որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի ուկրաինական 457 անօդաչու թռչող սարք, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով, դրոնները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի, Սարատովի, Սամարայի, Ուլյանովսկի, Օրյոլի, Կալուգայի, Տուլայի, Տամբովի և Կիրովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի վրա։
Բելգորոդի մարզում վերջին մեկ օրվա ընթացքում ուկրաինական հարձակումների հետևանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, ևս 13 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
Ըստ նրա, վիրավորները գտնվում են հիվանդանոցներում, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Շուվաևը հայտարարել է, որ հարվածները հասցվել են Բելգորոդի շրջանի, Վոլոկոնովսկի և Շեբեկինոյի օկրուգների քաղաքացիական բնակչությանը։
