Փաշինյանը ներկայացնելով կառավարության ծրագիրը՝ անդրադարձավ երեք նախարարությունների անվանումների փոփոխության մասին նախագծին։
Առաջին փոփոխությունը վերաբերում է արտաքին գործերի նախարարությունն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն վերանվանելու նախաձեռնությանը։ Փաշինյանի խոսքով՝ զարգացած շատ երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է նախարարության մանդատը՝ միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը, սակայն ՀՀ ԱԳՆ-ի դեպքում այդպես չէ։ «Երրորդ Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում, եթե չչափազանցենք, ԱԳՆ-ի գործունեության 75-80 տոկոսը կապված է եղել հակամարտության կամ հակամարտության օրակարգից բխող գործողությունների և գործունեության հետ․․Տնտեսական օրակարգերի սպասարկումն այս համատեքստում չի ստացվել, մինչդեռ տնտեսական կապերը պետք է լինեն դեսպանատների ամենօրյա աշխատանքի օրակարգում»,- նշեց Փաշինյանը։
Մյուս փոփոխության համաձայն՝ ԲՏԱՆ-ը կվերանվանվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ Փաշինյանի դիտարկմամբ՝ ԱԲ-ն ամենօրյա ռեժիմով մտնում է մեր իրականություն, ուստի պետք է այդ իրականության հետ առնչվելու ինստիտուտներ ունենալ։ «Նախարարությունում կձևավորվի նաև ԱԲ գրասենյակ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ քանի որ ԱԲ-ն զարգանալու է, ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սպառման ու արտադրության մասին պատկերացումները ևս պետք է վերանայել՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք համապատասխանում ձևավորվող նոր միջավայրին, քանի որ սուպերհամակարգչային կենտրոնները մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա են ծախսում։
Երրորդ փոփոխության համաձայն՝ ԱՍՀՆ-ն կվերանվանվի աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Փաշինյանի խոսքով՝ բարեկեցության մոդելը պետք է լինի «կրթություն-աշխատանք-մասնագիտական կարողությունների զարգացում-առողջ ապրելակերպ-աշխատանքային վաստակ։

Share.