ԱՄՆ-ի զինվորականները գաղտնի կերպով նավագնացության միջանցք են ստեղծել Հորմուզի նեղուցում՝ այդտեղով օրական միլիոնավոր բարել նավթ փոխադրելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։
«Մենք արդեն երկու ամիս է, ինչ վերահսկում ենք Հորմուզի նեղուցի հարավային նավարկուղին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կարող է անհարմարություններ պատճառել, բայց նա չի վերահսկում նեղուցը։ Դա մենք ենք անում», – հրատարակությանն ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։
Աղբյուրների խոսքով՝ նեղուցից օրական դուրս է բերվում շուրջ 10 միլիոն բարել նավթ։ Սա պատերազմից առաջ եղած ծավալի մոտավորապես կեսն է, հաղորդում է Axios-ը։
Աղբյուրները հավելել են, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում եղել են գիշերներ, երբ Պարսից ծոցից արտահանվել է 15-20 միլիոն բարել նավթ։
Նշվում է, որ օպերատիվ խումբը, որը վերահսկում է Հորմուզի նեղուցը, տեղակայված է Հյուսիսային Կարոլինայի նահանգի Ֆորտ Բրեգգ քաղաքի ցամաքային զորքերի կենտրոնակայանում: Այն իր գործողությունները համակարգում է Պարսից ծոցի տարածաշրջանային գործընկերների հետ։
Աղբյուրները նշել են, որ Իրանի իշխանություններն այժմ կարողանում են մոնիթորինգ իրականացնել միայն մի քանի ռադարի միջոցով, որոնք նրանց հաջողվել է վերականգնել, ինչպես նաև ԻՀՊԿ-ի փոքր արագընթաց նավակներում գտնվող դիտորդների օգնությամբ։
Axios-ի զրուցակիցները հայտնել են, որ չնայած նեղուցից արտահանվող նավթի ծավալն առաջվա պես ավելի ցածր է նախապատերազմյան մակարդակի համեմատ, սակայն այս փոխադրումներն էական ազդեցություն են ունենում համաշխարհային մատակարարումների վրա։
