ԱՄՆ Հանրապետական կուսակցությունում մտավախություն ունեն, որ տվյալների մշակման կենտրոնների կառուցման դեմ աճող դժգոհությունը կարող է Սենատում Օհայոյի ներկայացուցիչ Ջոն Հասթեդին զրկել վերընտրվելու հնարավորությունից, ինչպես նաև խնդիրներ ստեղծել կուսակցության ու արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի համար ողջ երկրում։ Այս մասին ասված է Հանրապետականների սենատորական ազգային կոմիտեի (NRSC) փակ զեկուցագրում, որին ծանոթացել է Axios-ը։

Խոշոր ԱԲ ընկերությունների ղեկավարներին հղված փաստաթղթում հանրապետականները զգուշացնում են, որ դեմոկրատները տվյալների մշակման կենտրոնների թեման դարձրել են Հասթեդի դեմ նախընտրական քարոզարշավի առանցքային ուղղություններից մեկը, և այդ ռազմավարությունը արդյունք է տալիս։

«Եթե նա պարտվի, և դրանում մեղադրվեն տվյալների մշակման կենտրոնները, քաղաքական գործիչներն ամբողջ երկրով մեկ դրանից հետևություններ կանեն և այլևս չեն ցանկանա գործ ունենալ դրանց հետ»,- նշված է զեկուցագրում։ Հեղինակներն այս իրավիճակը որակում են որպես ամբողջ ընտրաշրջանի «թաքնված վտանգ»։

Հանրապետականների շրջանում հատուկ անհանգստություն է առաջացնում նախկին դեմոկրատ սենատոր Շերոդ Բրաունի քարոզարշավը, որը պայքարում է Հասթեդի աթոռի համար։ Բրաունը միլիոնավոր դոլարներ է ծախսել գովազդի վրա, որտեղ Հասթեդին ներկայացնում է որպես «Օհայոյում տվյալների մշակման կենտրոնների դեմքը»։

Նահանգում ներկայումս իրականացվում և ծրագրվում են մի շարք խոշոր նախագծեր։ Դրանց զարգացման հետ կապված ընկերությունների թվում են Nvidia-ն, OpenAI-ը, Meta-ն, Vantage-ը և QTS-ը։

Տվյալների մշակման կենտրոնների դեմ դժգոհությունները տարածվում են նաև Օհայոյի սահմաններից դուրս։ ԱՄՆ-ում արդեն գործում է ավելի քան 4000 նման օբյեկտ, իսկ ևս 3000-ից ավելին գտնվում է կառուցման կամ ծրագրման փուլում։

Տեղի բնակիչները բողոքում են այդ նախագծերի դեմ՝ էլեկտրաէներգիայի ու ջրի ահռելի սպառման, էլեկտրաէներգիայի վարձավճարների հնարավոր աճի, խոշոր արդյունաբերական շենքերի կառուցման և համեմատաբար քիչ աշխատատեղերի ստեղծման պատճառով։ Տվյալների մշակման կենտրոնները ավելի լայն մտավախությունների խորհրդանիշ են դարձել այն առումով, որ արհեստական բանականության զարգացումը կհանգեցնի աշխատատեղերի կրճատման։

Անգամ նախկինում նման օբյեկտների կառուցմանը կողմ արտահայտվող քաղաքական գործիչներն են սկսում խստացնել պահանջները։ Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն երեքշաբթի օրը կարգադրություն է ստորագրել, որն ավելի խիստ սահմանափակումներ է նախատեսում տվյալների մշակման կենտրոնների կառուցման համար։

Fox News-ի անցկացրած հարցման համաձայն՝ Բրաունը 8 տոկոսային կետով շրջանցում է Հասթեդին։

NRSC-ում կարծում են, որ այժմ ԱԲ ընկերությունները պետք է փոխեն տվյալների մշակման կենտրոնների նկատմամբ հանրության վերաբերմունքը, բացատրեն, թե ով է օգուտ ստանում դրանցից և ով է վճարում դրանց կառուցման ու շահագործման համար, և թե ինչու տեղի համայնքները պետք է աջակցեն նման նախագծերին։

Հանրապետականները զգուշացնում են, որ եթե տվյալների մշակման կենտրոնների նկատմամբ բացասական վերաբերմունքը արագորեն չփոխվի, դրանց դեմ քարոզարշավը կարող է տարածվել Օհայոյի սահմաններից դուրս և բարդացնել ամբողջ երկրում ենթակառուցվածքներ ստեղծելու վերաբերյալ ԱԲ ընկերությունների ծրագրերը։

Share.