Ազգային ժողովում այսօր՝ օգոստոսի 19–ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։
Նրան խորրդարանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանը:
Նազելի Բաղդասարյանը ծնվել է 1983-ին Լենինականում: 2005-ին ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: Իրավագիտության մագիստրոս է:
2017-ին սովորել է Կիևի ժողովրդավարության և իրավունքի գերակայության ինստիտուտում՝ ստանալով մեդիաիրավագետի որակավորում:
1999-ին սկսել է աշխատանքային գործունեությունը մեդիաոլորտում, 2003-2005-ին աշխատել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնական: 2005-2006-ին դասավանդել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի Երևանի մասնաճյուղում: 2006-2018-ին գործունեություն է ծավալել մասնավոր ոլորտում՝ որպես իրավաբան: 2008-2018-ին աշխատել է մեդիաոլորտում հեռուստահաղորդումների մեկնաբան, ղեկավարել է ռադիոկայան:
2019-2021-ին ընտրվել է պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով, եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2021-ին պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրացուցակով:
2021-ի նոյեմբերին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021 թվականը, 2023-ին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական, իսկ 2023-ի հունիսից զբաղեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնը:
2025-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
Նազելի Բաղդասարյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչու որոշվեց գերատեսչությունը վերանվանել աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ հանձնաժողովը՝ աշխատանքի և բարեկեցության մշտական հանձնաժողով: Ըստ նրա՝ իշխող ուժի համար կարևոր է քաղաքացու բարեկեցությունը, բավարար չէ սոցիալական խնդիրների ճիշտ հասցեագրումը, այլ որ քաղաքացին ունենա բարեկեցիկ կյանք, իսկ բարեկեցիկ կյանքի միակ հնարավորությունն արժանապատիվ աշխատանքն է:
«Նախկինում աշխատանքը և բարեկեցությունը կախված է եղել փոստային ինդեքսից, և այդ բարեկեցությունը չի հասել մարզեր: Մեր պետական քաքականությունները միտված են, որ ՀՀ քաղաքացին ՀՀ յուրաքանչյուր համայնքում ունենա բարեկեցիկ կյանք»,-ասաց նա:
Նշենք, որ ըստ Դոնթի բանաձևի՝ ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 8–ը բաժին է հասել ՔՊ–ին, երեքը՝ «Ուժեղ Հայաստանին և մեկը՝ «Հայաստան» խմբակցությանը։
