Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե Վաշինգտոնը կուլիսային բանակցություններ է վարում ԻՀՊԿ պաշտոնյաների հետ՝ այդ պնդումն անվանելով պատերազմում ԱՄՆ-ի կրած պարտության հետևանքով առաջացած պատրանք։
Tasnim-ի հետ զրույցում ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբբին հասկացրել է, որ ԻՀՊԿ պաշտոնյաների և ԱՄՆ-ի միջև որևէ բանակցություն չի ընթանում։
«ԻՀՊԿ պաշտոնյաների և ամերիկացիների միջև որևէ երկխոսություն չկա»,- հայտարարել է Մոհեբբին՝ Թրամփի հայտարարությունը որակելով որպես «բացառապես երևակայություն՝ ծնված Իրանի դեմ ագրեսիվ պատերազմում պարտության և հուսահատության հետևանքով առաջացած ցնորքներից ու մղձավանջներից»։
Նրա խոսքով՝ ԻՀՊԿ-ն «իրանցի ազգի և Իսլամական Հանրապետության ուժի բազուկն ու ձայնն է» և իր դիրքորոշման մասին հայտարարում է մարտի դաշտում։
Դիվանագիտական հարցերը մտնում են Իսլամական Հանրապետության իշխանության այլ ճյուղերի իրավասության մեջ, նշել է նա՝ հավելելով, որ ԻՀՊԿ-ի ունեցած տեղեկությունների և Արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ ներկայումս ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի վարվում անգամ դիվանագիտական խողովակներով։
Մոհեբբիի փոխանցմամբ՝ դիվանագիտական բանակցությունների բացակայությունը պայմանավորված է Վաշինգտոնի դրժած խոստումներով և պայմանավորվածությունների նրա բազմաթիվ խախտումներով։ Նա նաև հայտարարել է, որ իր հայտարարություններով Թրամփը փորձում է ժամանակավորապես վերահսկել նավթի և էներգակիրների համաշխարհային գները։
«Թրամփի մտավոր ֆանտազիաները նրան չեն օգնի մարտի դաշտում»,- ընդգծել է Մոհեբբին՝ նշելով, որ ԱՄՆ նախագահի համար միակ իրական տարբերակը պարտությունն ընդունելն ու Իրանի առաջադրած պայմանները կատարելն է։ «Որքան շուտ ամերիկացիները ընդունեն իրենց պարտությունը և համապատասխան որոշումներ կայացնեն, այնքան ավելի շատ կկարողանան փրկել իրենց երկիրը մեծ ու ծանր կորուստներից»,- հայտարարել է նա։
