Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակ Ջարեդ Քուշները երկուշաբթի օրը Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Կահիրեում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ Քուշների հանդիպումից մեկ օր անց, որի ընթացքում քննարկվել էր Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ծրագիրը. գրում Reuters-ը։
Քուշները փորձում է առաջ մղել Գազայի հարցում փակուղի մտած համաձայնագիրը։
Անանուն աղբյուրների տեղեկություններով՝ Երուսաղեմում Քուշների և Նեթանյահուի հանդիպմանը ներկա է եղել նաև Գազայում խաղաղ կարգավորման հարցերով Թրամփի հատուկ պատվիրակ Նիկոլայ Մլադենովը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Նեթանյահուն այս ամիս հրապարակայնորեն մերժել էր ԱՄՆ-ի աջակցությունը ստացած համաձայնագիրը։ Դրա համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը պետք է հանձնի զենքը՝ Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման դիմաց։
Թրամփը հայտարարել էր, որ համաձայնագիրը կիրականացվի փուլերով։ Իսրայելական զորքերը պետք է աստիճանաբար դուրս գան Գազայից՝ զինաթափման գործընթացի առաջընթացին զուգահեռ, իսկ «Կայունացման միջազգային ուժերը» պաղեստինյան նոր ոստիկանության հետ համատեղ պետք է ապահովեն տարածքի անվտանգությունը։
Սակայն Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի զորքերը Գազայից դուրս կբերվեն միայն ՀԱՄԱՍ-ի և տարածքում գործող այլ զինված խմբավորումների լիակատար զինաթափումից հետո։
Դիվանագետների գնահատմամբ՝ Իսրայելը դժվար թե Գազայի հարցում լուրջ զիջումների գնա հոկտեմբերի 27-ին նախատեսված ընտրություններից առաջ։
