ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է պատմության մեջ առաջին բազմադոմեն, բազմազգ հարվածային անօդաչուների օպերատիվ խմբի ստեղծման միջոցառումների մասին։

Նոր ստորաբաժանումը ստացել է Task Force Falcon Strike («Բազեի հարված») անվանումը։ Այն կօգտագործի կամիկաձե-դրոններ, որոնք բաղկացած են օդային, վերգետնյա ջրային և ստորջրյա տեղակայմամբ անօդաչու համակարգերից։ Դրանք կկառավարվեն ԱՄՆ-ից և տարածաշրջանային գործընկերներից ներգրավված օժանդակ ռազմական անձնակազմի կողմից։

Falcon Strike-ի գործարկումը տեղի է ունենում ինն ամիս անց այն բանից հետո, երբ CENTCOM-ը հիմնեց Task Force Scorpion Strike-ը («Կարիճի հարված»)՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի պատմության մեջ առաջին մասնագիտացված կամիկաձե-դրոնների էսկադրիլիան։

«Task Force Falcon Strike-ը կզարգացնի Scorpion Strike-ի հաջողությունը՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանային դաշնակիցների և գործընկերների հսկայական նորարարական ներուժը, — հայտնել է CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը։ — Մեր նոր կարողությունների ինտեգրումն ու համատեղ տեղակայումը կօգնեն մեզ ավելի արագ կյանքի կոչել հորիզոնում բացվող հեռանկարները»։

CENTCOM-ը սկսել է տարածաշրջանային գործընկերների հետ խորհրդակցությունների և պաշտոնական հրավերների գործընթացը։ Նրանց պաշտոնական միանալուն զուգընթաց՝ Task Force Falcon Strike-ը կմեծացնի հարվածային անօդաչուների հնարավորություններն ամբողջ Մերձավոր Արևելքում՝ վերածելով դրանք զսպման միասնական բազմադոմեն և բազմազգ գործիքի։

«ԱՄՆ զինված ուժերը տարածաշրջանում ունեն բազմաթիվ ամուր գործընկերային կապեր և բարեկամներ, — նշել է Քուփերը։ — Մենք ավելի ուժեղ ենք դառնում, երբ միավորվում ենք և համատեղ իրականացնում նոր հնարավորություններ»։

Share.