Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները երկու անօդաչու թռչող սարքով հարվածել են Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco ընկերության Ջիզանի նավթավերամշակման գործարանին։ Այս մասին հայտնել է հութիների վերահսկողության տակ գտնվող SABA լրատվական գործակալությունը։
«Եմենի զինված ուժերին (հութիներին — խմբ.) հաջողվել է երկու անօդաչուով հարվածել Ջիզանի շրջանում գտնվող Aramco-ի նավթավերամշակման գործարանին, հարվածը ճշգրիտ է եղել», — գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքերը։
Նրա պնդմամբ՝ հարձակումը պատասխան էր Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի Սադա և Հաջա նահանգների օդային տարածքն ու ինքնիշխանությունը խախտելուն։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները, ըստ Reuters-ի, առայժմ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել հարձակման վերաբերյալ։
