Մենք արդեն ութ տարի խոսում ենք տնտեսության դիվերսիֆիկացման մասին, սակայն ոչ մի ծրագիր չի գործում, քանի որ տնտեսավարող սուբյեկտները չեն համարում, որ նման անհրաժեշտություն կա, որքան էլ զարգացնենք համապատասխան քաղաքական հռետորաբանությունը։ Այդ մասին, այսօր՝ օգոստոսի 13-ին, կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է։ Փաշինյանը հավելել է, որ եթե որևէ սուբյեկտի հետ փոխգործակցությունը կրում է մենաշնորհային բնույթ, ապա դա սպառնալիք է։ «Սա պետական և ազգային անվտանգության հարց է, որը կառավարման կարիք ունի», – նշել է վարչապետը։
Միաժամանակ կառավարության ղեկավարը հավելել է, որ Հայաստանի՝ տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականությունը կշարունակվի։ «Ես այս իրավիճակն անվանում եմ հնարավորություն», – ընդգծել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ ամեն օր ինչ-որ մեկը հայտարարում է, թե Հայաստանը կործանվում է, քանի որ հասարակությունում տիրում է ապոկալիպտիկ մտածողություն։
