Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը, որը մեղադրվում էր բազմաթիվ սեռական հանցագործությունների մեջ, տարիներ շարունակ պարբերաբար այցելում էր ֆրանսիական Սեն-Տրոպե, որը, ինչպես պարզվում է, այն վայրերից մեկն էր, որտեղ նա կազմակերպում էր իր հանցավոր գործունեությունը։

Ինչպես գրում է ֆրանսիական Le Monde թերթը, Էպշտեյնն այստեղ անցկացնում էր գրեթե ամեն ամառ։ Հայտնիների, միլիարդատերերի և սկսնակ մոդելների հանգստավայր համարվող Սեն-Տրոպեն նրա համար դարձել էր յուրատեսակ բազա՝ նման Փարիզին, որտեղ ֆինանսիստը շքեղ բնակարան ուներ։

Հունվարին հրապարակված Էպշտեյնի գործի փաստաթղթերում հայտնաբերվել են նրա՝ Սեն-Տրոպեում հանգստանալու լուսանկարները։ Լուսանկարներն արվել էին 2002 թվականին և պահվում էին հետաքննության միլիոնավոր նյութերի մեջ։ Դրանցում Էպշտեյնը պատկերված է քաղաքի լողափում և փողոցներում՝ իր հանցակից Գիսլեյն Մաքսվելի հետ միասին։

Այդ տարի Էպշտեյնը և Մաքսվելը հունիսի 29-ից մինչև հուլիսի 20-ը վարձակալել էին շքեղ «Միրաժ» վիլլան։ Վարձակալության արժեքը կազմում էր շաբաթական մոտ 100 հազար եվրո։

Լուսանկարները թույլ են տալիս ճշգրիտ հաստատել ֆինանսիստի գտնվելու վայրը․ նկարներից մեկում երևում է Սեն-Տրոպեի կենտրոնում գտնվող Place aux Herbes հրապարակի անվանումով ցուցանակը։

Le Monde-ի տվյալներով, Էպշտեյնը Սեն-Տրոպե էր այցելում գրեթե ամեն տարի՝ հիմնականում ամռանը։ Այսպիսով, քաղաքը Փարիզից հետո դարձել էր նրա երկրորդ գլխավոր գտնվելու վայրը Ֆրանսիայում։ 2002 թվականին նա այնտեղ ձեռք էր բերել հսկայական ապարտամենտներ Ֆոշ պողոտայում։

Էպշտեյնը մահացել է ամերիկյան բանտում 2019 թվականի օգոստոսին՝ այդպես էլ չսպասելով բազմաթիվ սեռական հանցագործությունների մեղադրանքներով դատավարությանը։

Share.