Անտարկտիկական ցուրտը հասել է Նոր Զելանդիա՝ բերելով ձյուն, սառնամանիք և ուժեղ քամի, հայտնել է The Guardian-ը։

Մայրաքաղաք Վելինգտոնում ծովի մակարդակին ձյունը տեղացել է առաջին անգամ վերջին 15 տարվա ընթացքում, իսկ Դանիդինի բնակիչները ձյունածածկ փողոցներն օգտագործել են որպես ինքնաշեն դահուկուղիներ։

Սառը ճակատը երկիր է հասել երեքշաբթի։ Շատ շրջաններում ջերմաստիճանն իջել է զրոյից ցածր, տեղացել են ձյուն, կարկուտ, գրանցվել են ուժեղ սառնամանիքներ։ Չորեքշաբթի առավոտյան Հարավային կղզու երեք բնակավայրերում ջերմաստիճանը իջել է մինչև -9 °C։

Վելինգտոնում թաց ձյուն է տեղացել են երեքշաբթի, մոտ կեսօրին։ Մայրաքաղաքի համար դա անսովոր երևույթ էր․ վերջին անգամ այստեղ ծովի մակարդակին ձյուն գրանցվել էր 15 տարի առաջ։ Բնակիչներն ու գրասենյակային աշխատողները դուրս էին գալիս փողոցներ և մոտենում պատուհաններին՝ ձյան տեղումները դիտելու համար, իսկ լուսանկարներն ու տեսանյութերն արագ տարածվել են սոցցանցերում։

Դանիդինում՝ Հարավային կղզու մեծությամբ երկրորդ քաղաքում, ձյան տեղումների պատճառով երեքշաբթի դպրոցականներին տուն են ուղարկել։ Որոշ բնակիչներ որոշել են օգտվել եղանակից՝ զվարճանալու համար․ տեղի լրատվամիջոցները հրապարակել են կադրեր, թե ինչպես են մարդիկ սնոուբորդ քշում քաղաքի փողոցներով։

Դահուկորդներից մեկը սահել է Բոլդուին-սթրիթով՝ այն փողոցով, որը Գինեսի ռեկորդների գիրքը ճանաչում է աշխարհի ամենաթեք փողոցը։

Ձյուն է տեղացել նաև Քրայսթչերչի Նյու Բրայթոն լողափում։ Քրայսթչերչի օդանավակայանում ինքնաթիռը ստիպված է եղել ընդհատել վայրէջքն ուժեղ քամու և անձրևի պատճառով։

Ոստիկանությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել սառցակալած ճանապարհներին սահող ավտոմեքենաների մասին և բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում խուսափել ուղևորություններից։

Նոր Զելանդիայի օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ՝ չորեքշաբթի ջերմաստիճանը պետք է ժամանակավորապես բարձրանար, սակայն հետո կրկին կտրուկ իջներ։ Որոշ շրջաններում հինգշաբթին կարող է դառնալ տարվա ամենացուրտ առավոտը։

Ցրտահարությունը նաև հանգեցրել է էլեկտրաէներգիայի ռեկորդային պահանջարկի։ Էներգահամակարգի ազգային օպերատոր Transpower-ը հայտնել է, որ չորեքշաբթի առավոտյան էլեկտրաէներգիայի սպառումը հասել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում առավելագույն մակարդակին, և նախազգուշացրել է ուրբաթ առավոտյան էներգիայի հնարավոր պակասի մասին։

Share.