Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը շարունակում է արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություններից մեկը մնալ։ Այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
«Այդ մոտեցումը կարտացոլվի նաև նոր կառավարության ծրագրում»,- հավելեց նա։
Փաշինյանը նշեց` Երևանը նաև հանդես է գալիս ի պաշտպանություն այն սկզբունքների, որոնք դրված են ԵԱՏՄ-ի հիմքում։
«Կազմակերպության հիմնարար սկզբունքներից է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժը: Ցավոք, այդ սկզբունքները գործնականում լիարժեքորեն չեն իրագործվում։ Առանձին սահմանափակումները և վարչական գործողությունները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը՝ նվազեցնելով բիզնեսի վարման պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նա կարծում է, որ նման հարցերն անտեսելը կարող է ոչ միայն արգելակել ԵԱՏՄ հետագա զարգացումը, այլև բացասաբար անդրադառնալ ԵԱՏՄ–ի նկատմամբ քաղաքացիների և միության անդամ երկրների գործարար շրջանակի վերաբերմունքը։ Կառավարության ղեկավարի խոսքով` նման խնդիրներն ի վերջո դադարում են լինել միայն առանձին ԵԱՏՄ մասնակից պետության խնդիրը, դրանք դառնում են ամբողջ միության ընդհանուր խնդիրը։ Փաշինյանը կարծում է, որ անհրաժեշտ է ժամանակին վերացնել խոչընդոտներն ու կանխել ԵԱՏՄ ներսում առևտրատնտեսական հարաբերությունների դեգրադացիան։
