ԵԱՏՄ–ում առցանց առևտրի հարթակների համար աշխատանքի միասնական կանոններ կգործեն։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այս մասին հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի վերաբերյալ հաստատվող համաձայնագիրը նախատեսված է պաշտպանելու ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների շահերը։ Բիզնեսների համար կգործեն միասնական և հստակ կանոններ, քաղաքացիների համար էլ հասանելի կլինի ապրանքների ավելի լայն տեսականի։
Միշուստինը հիշեցրել է, որ հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնի «Հարթակային տնտեսության մասին» օրենքը, որը թափանցիկ կանոններ կսահմանի այս ոլորտի համար։
ՌԴ վարչապետը կոչ է արել թարմացնել ապրանքների համապատասխանության գնահատման տվյալները ռուսական թվային հարթակներում ապրանքների առաջխաղացման համար։
Միշուստինը նաև նշել է, որ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցում կատարելը կարագացնի վարչարարական ընթացակարգերը և կհեշտացնի լոգիստիկան։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը մեկնարկել է օգոստոսի 6-ին Ղրղզստանում։ Օրակարգում ավելի քան 15 հարց է ներառված։ Նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև դիտորդ երկրների ներկայացուցիչներ։
