Եվրամիությունն աջակցում է Խաղաղության խորհրդի՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինաթափման ճանապարհային քարտեզին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

Նրա կարծիքով՝ այդ քայլը «կարևոր է՝ ապահովելու ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և բացառելու այն հնարավորությունը, որ կազմակերպությունը կրկին կսպառնա Իսրայելի անվտանգությանը»։

Կալլասը հայտարարության մեջ նշել է, որ ԵՄ-ն ողջունում է «ՀԱՄԱՍ-ի և այլ ոչ պետական զինված խմբավորումների մոտ զենքի շրջանառության մշտական դադարեցման», Գազայից իսրայելական ուժերի լիակատար դուրսբերման և հատվածում քաղաքացիական կառավարման անցնելու վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը։

Նա միաժամանակ շնորհակալություն է հայտնել միջնորդներին նրանց ջանքերի համար և «բոլոր կողմերին կոչ արել անհապաղ հաստատել և իրականացնել համաձայնագիրը»։

Բացի դրանից, ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Պաղեստինի վարչակազմին, որպեսզի այն կարողանա «անվտանգ վերականգնել Գազայի նկատմամբ արդյունավետ վերահսկողությունը»։

Share.