Նոր հրապարակված տվյալների համաձայն՝ այն երեխաներն ու դեռահասները, որոնք վաղ տարիքից ակտիվորեն օգտվում են Instagram-ից, TikTok-ից, Facebook-ից և այլ սոցիալական ցանցերից, հետագայում ավելի ցածր առաջադիմություն են ցուցաբերում դպրոցում։

Հետազոտության համար Միլանի Բիկոկա համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել ավելի քան հինգ հազար ուսանողների շրջանում։ Նրանց հարցրել են, թե երբ են բացել իրենց առաջին հաշիվը սոցցանցերում, ապա այդ տեղեկատվությունը համադրել են առաջադիմության թեստերի արդյունքների հետ։

Պարզվել է, որ նրանք, ովքեր արդեն սոցիալական ցանցերում հաշիվ են ունեցել վեցերորդ, յոթերորդ կամ ութերորդ դասարանում, միջինում ավելի վատ արդյունքներ են գրանցել մաթեմատիկայից և մայրենի լեզվից, քան նրանք, որոնք սպասել են առնվազն մինչև իններորդ դասարանը։ Բացի այդ, սոցցանցերի վաղ օգտատերերն ավելի հաճախ են նույն դասարանում մնացել երկրորդ տարին։ news.am-ը փոխանցում է, որ այնուամենայնիվ, կար մեկ բացառություն․ երկու խմբերն էլ անգլերենից նմանատիպ արդյունքներ են ցույց տվել։ Հետազոտողները ենթադրում են, որ սոցցանցերում անգլալեզու բովանդակության առատությունը կարող է օգնել երիտասարդներին լեզվի ուսումնասիրության հարցում։

Թեև հետազոտությունն ուղղակիորեն չի ուսումնասիրել, թե ինչու է սոցցանցերի վաղ օգտագործումը կապված ավելի ցածր գնահատականների հետ, հետազոտողները որպես հնարավոր պատճառներ նշում են ուշադրությունը շեղող մշտական գործոնները, ուսմանը տրամադրվող ավելի քիչ ժամանակը և տեղեկատվության ու ծանուցումների հոսքից ուղեղի ծանրաբեռնվածությունը։

Share.