Ծայրահեղ շոգն ու անտառային հրդեհները շարունակում են պատել Հարավային և Արևելյան Եվրոպան։ Ալբանիայում փրկարարները պայքարում են խոշոր հրդեհօջախների դեմ, իսկ Հունգարիայում երաշտի և Դանուբի ջրի մակարդակի ռեկորդային նվազման պատճառով խնդիրներ են առաջացել էներգամատակարարման ոլորտում, գրում է Reuters-ը։
Իտալիան, միևնույն ժամանակ, պատրաստվում է շոգի գագաթնակետին։ Իշխանությունները երկրի խոշոր քաղաքների մեծ մասում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել, որտեղ օդի ջերմաստիճանը կարող է հասնել +40…+42-ի։
Ուժեղ շոգի պատճառով Վատիկանը հուլիսյան դադարից հետո առաջին անգամ Հռոմի Լևոն XIV պապի շաբաթական ընդհանուր ունկնդրությունը Սուրբ Պետրոսի հրապարակից տեղափոխել է փակ տարածք։
Հունգարիայում կառավարությունը բնակիչներին և ձեռնարկություններին կոչ է արել կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը՝ էներգահամակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Դանուբ գետում ջրի ռեկորդային ցածր մակարդակը ստիպել է գրեթե կանգնեցնել երկրի միակ ատոմակայանը, որն օգտագործում է գետի ջուրը հովացման համար, ինչն էլ ավելի է խորացրել էներգետիկ ճգնաժամը։
Ալբանիայում Մալակաստերի շրջանում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է շուրջ 15 ընտանիք՝ տնային կենդանիների և անասունների հետ միասին։ Փրկարարները փորձում են թույլ չտալ, որ կրակը տարածվի բնակելի տների վրա։ Մեկ այլ հրդեհ շարունակում են մարել Գիրոկաստրա քաղաքից հարավ գտնվող լեռնային տեղանքում։ Ենթադրաբար դրա պատճառը կայծակն է եղել։
Հարևան Հունաստանում հրդեհը, որը, նախնական տվյալներով, կարող էր առաջանալ էլեկտրահաղորդման գծերի տատանումների և ուժեղ քամու պատճառով, ոչնչացրել է հազարավոր հեկտար գյուղատնտեսական հողատարածքներ Աթենքից հյուսիս-արևմուտք գտնվող հայտնի զբոսաշրջային շրջանի մոտ։ Թեև հիմնական օջախն արդեն հաջողվել է տեղայնացնել, հարյուրավոր հրշեջներ շարունակում են պայքարը բռնկման առանձին օջախների դեմ։
Ծայրահեղ շոգը լուրջ վնաս է հասցնում նաև գյուղատնտեսությանը։ Մեծ Բրիտանիայում, վերլուծաբանների գնահատմամբ, հացահատիկային մշակաբույսերի բերքն այս տարի կարող է դառնալ ամենացածրը 1984 թվականից ի վեր, երբ սկսվել է համադրելի վիճակագրության վարումը, քանի որ այս գարունն ու ամռան առաջին կեսը եղել են դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգ և ամենաչոր ժամանակահատվածներից մեկը։
