Ամստերդամի «Այաքսը» պաշտոնապես հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տեղափոխության մասին։

Ակումբները համաձայնության են հասել, ըստ որի՝ 34-ամյա գերմանացին հոլանդական գրանդի կազմում հանդես կգա վարձակալական հիմունքներով. պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Տեր Շտեգենը, ով իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հարազատ Մյոնխենգլադբախի «Բորուսիայում» (127 հանդիպում), «Բարսելոնայի» գույները պաշտպանում էր 2014 թվականից։ Կատալոնական ակումբի կազմում նա անցկացրել է 423 պաշտոնական հանդիպում՝ դառնալով ակումբի պատմության մեջ ամենաշատ խաղեր անցկացրած 11-րդ ֆուտբոլիստը, իսկ արտասահմանցիների շարքում զիջում է միայն Լիոնել Մեսսիին: «Բլաուգրանայի» հետ նա նվաճել է 21 տիտղոս, այդ թվում՝ 2015թ․ Չեմպիոնների լիգայի գավաթը և Լա լիգայի 7 չեմպիոնական տիտղոս։

Գերմանիայի հավաքականում 44 հանդիպում անցկացրած դարպասապահը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր իսպանական «Ժիրոնայում»՝ գլխավոր մարզիչ Միչել Սանչեսի ղեկավարությամբ։ Թեև վնասվածքի պատճառով նա այնտեղ սահմանափակվեց ընդամենը 2 հանդիպմամբ, այժմ Տեր Շտեգենը կրկին կաշխատի Միչելի հետ արդեն «Այաքսում»՝ փորձելով վերագտնել իր լավագույն մարզավիճակը Եվրոպայի քառակի գավաթակիր և Նիդերլանդների 36-ակի չեմպիոն ակումբում։

Տրանսֆերի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել Յորդի Կրոյֆը.

«Մարկն ակնառու նվաճումներ ունի, և նրա բարձր որակները համընդհանուր ճանաչում են գտել։ Նա անմիջապես կուժեղացնի մեր կազմը։ Ես և Մարկը լավ ենք ճանաչում միմյանց, և ես անհամբերությամբ եմ սպասում նրա հետ կրկին աշխատելուն։ Մենք բավականին երկար ժամանակ աշխատում էինք նրան այստեղ բերելու ուղղությամբ, ուստի շատ ուրախ ենք, որ պայմանագիրը ստորագրված է, և նա կարող է անցնել գործի»։

Share.