Իսրայելական պաշտպանական տեխնոլոգիաները, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերն ու F-15 կործանիչների համար նախատեսված համակարգչային սաղավարտները, մատակարարվել են Կատար և Սաուդյան Արաբիա, չնայած այդ երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն Իսրայելի հետ, հայտնում է Haaretz-ը՝ հղում անելով բաց փաստաթղթերին և հանրությանը հասանելի լուսանկարների վերլուծությանը։

Պարբերականի տվյալներով, Կատարի թագավորական ընտանիքի 11 ինքնաթիռներից երեքը համալրված են Elbit Systems ընկերության մշակած C-MUSIC իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգով։ Ինչպես նշվում է, սարքավորումը տեղադրվել է 2020-2022 թվականներին՝ Բազելում օդանավերի տեխնիկական սպասարկման ընթացքում։

Բացի այդ, Haaretz-ը հղում է անում 2017 թվականին կնքված՝ Կատարին ամերիկյան F-15QA Ababil կործանիչների մատակարարման պայմանագրին։ Ըստ փաստաթղթերի, իսրայելական ընկերությունները 150-250 մլն դոլարի ենթապայմանագրեր են ստացել այդ ինքնաթիռների համար բաղադրիչներ և սարքավորումներ մատակարարելու նպատակով։ Մասնավորապես, խոսքը 160 համակարգչային JHMCS սաղավարտների, որոնցից յուրաքանչյուրն արժե մոտ 200 հազար դոլար, ինչպես նաև AN/AVS-9 գիշերային տեսողության սարքերի մասին է։

Պարբերականը նաև մեջբերում է ԱՄՆ պաշտպանության նախարարության 2010 թվականի հայտարարությունը, ըստ որի՝ Boeing-ի՝ Սաուդյան Արաբիային F-15SA կործանիչներ մատակարարելու պայմանագրի շրջանակում Էր Ռիադը ստացել է 462 JHMCS սաղավարտ և 462 նույն մոդելի գիշերային տեսողության սարք, ինչ Կատարը։

Haaretz-ի տվյալներով, համացանցում հրապարակված տեսանյութերը հաստատում են այդ սաղավարտների օգտագործումը սաուդյան զինվորականների կողմից։

Պարբերականը նշում է, որ Սաուդյան Արաբիան և Կատարը դիվանագիտական հարաբերություններ և պաշտոնական պաշտպանական համագործակցություն չեն պահպանում Իսրայելի հետ։

Միաժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մերձավոր շրջապատի ներկայացուցիչների ենթադրյալ կապերը Կատարի հետ քննության առարկա են «Կատարգեյթ» անունով հայտնի գործի շրջանակում։

Share.