Եվրոպական հանձնաժողովը մշակում է ծրագիր ԵՄ անդամակցության թեկնածու երկրներին տնտեսական արտոնություններ տրամադրելու համար՝ մինչև նրանց միություն մտնելը։ Ասդ մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում կատարելով երկու պաշտոնյաների։

Թերթը գրել է, որ այժմ կառավարությունները փնտրում են ընդլայնումն արագացնելու ուղիներ՝ առանց ԵՄ-ին անդամակցելու պահանջները նվազեցնելու։ Պաշտոնյաների խոսքով՝ առաջարկները թեկնածուների «աստիճանական ինտեգրման» Եվրահանձնաժողովի ռազմավարության մի մասն են, որի շրջանակում նրանց ավելի լայն իրավունքներ կտրամադրվեն՝ բարեփոխումների իրականացմանը զուգահեռ, քանի դեռ պետությունների անդամակցության հայտերը քննարկման փուլում են։

Politico-ի տեղեկություններով՝ քննարկվող «առավելությունների» ցանկում ներառված են՝ ԵՄ ֆինանսավորման որոշ ծրագրերին մասնակցությունը, արտոնյալ առևտրային համաձայնագրերը և միությանն անդամակցելուց առաջ միասնական շուկայի մասնակի հասանելիությունը։ Ընդ որում, առավելությունների որոշակի «փաթեթը» յուրաքանչյուր թեկնածու երկրի համար տարբեր կլինի։ Եվ արտոնություններից օգտվելու հնարավորությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կտրվի՝ կախված նրանից, թե որքանով է յուրաքանչյուր երկիր համապատասխանում ԵՄ կանոններին և որքան բարեփոխում է իրականացրել, նշել է պաշտոնյաներից մեկը։

Այս մոտեցման նպատակն է օգնել թեկնածու երկրներին մնալ ԵՄ ուղու վրա, բայց միաժամանակ նրանց տրամադրել բարեփոխումներ իրականացնելու «խթաններ», պարզաբանել է լրատվամիջոցը։

Պարբերականը գրել է, որ աստիճանական ինտեգրումը երկրներին կառաջարկեր անդամակցությանը համարժեք տնտեսական օգուտներ՝ առանց ԵՄ-ին այդ երկրների անդամակցության անհրաժեշտության։ Հրապարակման մեջ նշվել է, որ այս առաջարկն արդեն ստացել է ավելի մեծ քաղաքական աջակցություն, քան նախորդ ծրագրերը։

«Հարկավոր է որոշակի զուգահեռական, բայց անհրաժեշտ տնտեսական ինտեգրում։ «Ավելի շատ՝ ավելի շատի դիմաց» սկզբունքը լավ փորձարկված է և պետք է ընդունվի՝ աջակցելու այն թեկնածուներին, որոնք ավելի լավ արդյունքներ են գրանցում, քան մյուսները», — հայտնել է Եվրախորհրդարանի ընդլայնման ռազմավարությունը մշակած լիտվացի պատգամավոր Պյատրաս Աուշտրյավիչյուսը։

Եվրահանձնաժողովը մտադիր է հասնել այս նախաձեռնության աջակցությանը ԵՄ երկրների մայրաքաղաքների կողմից, և պաշտոնական անձինք հույս ունեն, որ առաջնորդները կհաստատեն ավելի լայն ծրագրի շուրջ աշխատանքի մեկնարկը Եվրոպական խորհրդի հոկտեմբերյան կամ դեկտեմբերյան նիստում, հայտնել է Politico-ն։

«Այս մոտեցումը նաև նպատակ ունի ապահովել այնպիսի թեկնածու երկրների լիարժեք ներգրավվածությունը գործընթացում, ինչպիսին Ուկրաինան է, որի ԵՄ-ին անդամակցությունը, չնայած ուժեղ քաղաքական աջակցությանը, հավանաբար տարիներ կպահանջի՝ առանց արագ անդամակցության խոստումների», — գրել է լրատվամիջոցը։

Share.