ՀՀ իշխանությունը շատ սերտ ու ակտիվ աշխատում է ԵԱՏՄ–ի հետ։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ անշրջելի ինչ–որ բան է տեղի ունեցել, և մենք հիմա, այսպես ասած, պետք է այդ ուղղությամբ չնայենք։ Ո՛չ, մենք շատ ակտիվ աշխատելու ենք, և համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետև եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում առաջին հերթին ԵԱՏՄ–ի համար։ ԵԱՏՄ–ն հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված` աշխատուժի, ծառայությունների և ապրանքների, ֆինանսների ազատ տեղաշարժի վրա։ Եթե դա չկա, ուրեմն ԵԱՏՄ էլ չկա. ԵԱՏՄ–ն պետք է հստակ պատասխանի ուղիղ կամ նամյոկով` ինքը կա՞, թե՞ չկա։ Մենք կարծում ենք, որ ինքը կա, և մենք` որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ–որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել, և տպավորություն է ստեղծվել, որ չկա ԵԱՏՄ»,– հայտարարեց Փաշինյանը։

Ըստ նրա` այն, ինչ հիմա կատարվում է մեր երկրի դեպքում` կապված արտահանման խոչընդոտների հետ, ԵԱՏՄ մյուս անդամ երկրներում ևս լուրջ անհանգստություններ է առաջացնելու, ու իրենք ևս գնալու են շուկաների դիվերսիֆիկացիայի։

Փաշինյանը հայտարարեց, որ այս առումով ԵԱՏՄ–ում քննարկելու հարցեր կան, ու ինքն առաջիկա առիթը կօգտագործի, որպեսզի քննարկումներ սկսի։ Նա նաև նշեց, որ իր գործընկերներին հարցեր ունի տալու այն հայտարարության հետ կապված, որ իր բացակայությամբ ընդունել են (ԵԱՏՄ չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարները մայիսի 29-ին Հայաստանի վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին` անհրաժեշտ համարելով հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով)։

«Պետք է հասկանանք՝ ի՞նչ է դա նշանակում գործնականում։ Այսինքն` ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարո՞ղ է մի օր արթնանա ու այսպիսի որոշումներ կայացնի՞։ Իմ գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանն «այո» է, ուրեմն ԵԱՏՄ–ն հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք էլ պետք է այստեղից հետևություններ անենք»,– հայտարարեց վարչապետը։

Ըստ նրա` եթե Հայաստանը ցանկանում է լինել շուկայի լուրջ խաղացող, ապա պետք է բոլոր ուղղություններով մեր արտադրանքի ծավալները էականորեն ավելացնել։

Share.