ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նավթային եկամուտների դադարեցման պատճառով Իրանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է բախվել աննախադեպ տնտեսական ճգնաժամի։
Նրա խոսքով՝ Թեհրանն ի վերջո ստիպված կլինի ընտրություն կատարել ներկայիս պետության պահպանման և հեղափոխության միջև։
Հունական «Kathimerini» թերթին տված հարցազրույցում Ռուբիոն նշել է, որ Իրանի դեմ ամերիկյան գործողությունների գլխավոր նպատակն անփոփոխ է՝ թույլ չտալ, որ այդ երկիրը միջուկային զենք ունենա։
«Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ. սա պարզ էր հենց սկզբից»,— ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը։
Ըստ նրա՝ Թեհրանը փորձում էր մեծ քանակությամբ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր ստեղծել, որպեսզի կարողանա սպառնալ ամերիկյան զորքերին և տարածաշրջանի երկրներին, իսկ այնուհետև այդ զինանոցը որպես «սովորական վահան» օգտագործի՝ իր միջուկային ծրագիրը զարգացնելու նպատակով։ Ռուբիոն նշել է, որ հենց դրա համար ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հրթիռային ներուժի զգալի մասը, ինչպես նաև հարվածներ է հասցրել նրա անօդաչուների արտադրությանը, ռազմածովային և ռազմաօդային ուժերին։
Պետքարտուղարը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն այժմ բաց է, և Իրանն այն չի վերահսկում։ Նրա խոսքով՝ հարավային երթուղով նավթի մատակարարումները հասել են մինչկոնֆլիկտային մակարդակի գրեթե 80%-ին։
Միևնույն ժամանակ, ինչպես պնդում է Ռուբիոն, հենց Իրանն է գործնականում զրկված իր նավթը հուսալիորեն արտահանելու հնարավորությունից։ Նա նշել է, որ երկրի նավթի մատակարարումները կանգնեցվել են շրջափակման պատճառով, իսկ նախկինում ձեռք բերված հուշագրի գործողության ընթացքում դուրս բերված նավթի պաշարներն այժմ Խաղաղ օվկիանոսում են և շուտով կվաճառվեն։
«Դրանից հետո աշխարհում բառացիորեն ոչ մի տեղ իրանական նավթ չի մնա»,— ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ Թեհրանը կզրկվի եկամտի այս աղբյուրից։
Պետքարտուղարի գնահատմամբ՝ Իրանի վրա տնտեսական ճնշումն առաջիկա շաբաթներին կտրուկ կմեծանա։ «Նրանք կբախվեն ժամանակակից Իրանի պատմության ամենաաղետալի տնտեսական իրավիճակին»,— հայտարարել է նա։
Ռուբիոն կարծում է, որ դրանից հետո Իրանի ղեկավարությունը կանգնելու է ընտրության առաջ. «Նրանք ուզում են պետությո՞ւն լինել, թե՞ հեղափոխություն են ուզում»։
Ընդ որում, նա ընդգծել է, որ Վաշինգտոնն ի սկզբանե նպատակ չի ունեցել փոխել իրանական ռեժիմը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում էր հասնել վերջինիս վարքագծի փոփոխությանը, մասնավորապես՝ շիայական զինված խմբավորումների աջակցության դադարեցմանը։
Ռուբիոն նաև նշել է, որ Իրանը նավթային եկամուտներն ուղղում էր Իրաքում շիա աշխարհազորայինների, «Հեզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի աջակցությանը, ինչպես նաև հրթիռների և անօդաչուների զարգացմանը։
«Հենց սկզբից նպատակն այն էր, որ արմատական ռազմատենչ շիա հոգևորականները երբեք չկարողանան միջուկային զենք ձեռք բերել»,— ասել է պետքարտուղարը։
Նրա խոսքով՝ քանի դեռ ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփն է, դա տեղի չի ունենա. «Նրանք միջուկային զենք չեն ստանա»։
