Ferrari ընկերությունը իտալական ապրանքանիշի առաջին էլեկտրամեքենա Luce մոդելի դեբյուտից մի քանի շաբաթ անց փոխել է մարքեթինգի և կոմերցիայի տնօրեն Էնրիկո Գալիերային։ Նրա պաշտոնում նշանակվել է BMW-ի իտալական ստորաբաժանման ղեկավար Մասիմիլիանո Դի Սիլվեստրեն, որը պաշտոնը կստանձնի հուլիսի 1-ին։ Այդ մասին հունիսի 23-ին հայտնել է Electrek պորտալը։
Էնրիկո Գալիերան Ferrari-ում աշխատել է ավելի քան 16 տարի։ Ընկերությունում նրա հեռանալը բացատրել են որպես անձնական որոշում՝ «սկսել նոր գլուխ»։ Նշվում է, որ Դի Սիլվեստրեն ունի շքեղ դասի ավտոմեքենաների ոլորտում աշխատանքի հարուստ փորձ։
«Ferrari-ն չի հաստատել, որ Գալիերայի հեռանալը կապված է Luce մոդելի հետ։ Սակայն ղեկավարի փոփոխության համար ընտրված պահը դժվար է անտեսել։ Մարքեթինգի բաժնի ղեկավարը հեռանում է ընկերության նորագույն պատմության ամենաքննարկվող արտադրանքի մեկնարկից ընդամենը մի քանի շաբաթ անց, որին շուկան արձագանքել է չափազանց կտրուկ», — ասվում է հրապարակման մեջ։
Ferrari Luce-ը մայիսի վերջին համացանցում դարձավ ամենաքննարկվող ավտոմեքենան և ապրանքանիշի երկրպագուների կողմից արժանացավ քննադատության տարափի, որին միացել էին անգամ Ferrari-ի նախկին նախագահ Լուկա դի Մոնտեձեմոլոն, Իտալիայի փոխվարչապետ և տրանսպորտի նախարար Մատեո Սալվինին։ Մոդելի շնորհանդեսը տեղի է ունեցել մայիսի 26-ին, որից հետո Ferrari ընկերության բաժնետոմսերը նվազել են գրեթե 8%-ով։
Luce-ի՝ Ferrari-ի պատմության մեջ առաջին էլեկտրամեքենայի դիզայնի համար պատասխանատու էր LoveFrom ստուդիան, որը ստեղծվել է Apple-ից եկած Ջոնի Այվի և Մարկ Նյուսոնի կողմից։ Էլեկտրամեքենան ստացել է չորս էլեկտրաշարժիչով ուժային համակարգ, որոնք ընդհանուր առմամբ զարգացնում են 1050 ձիաուժ և նորույթը տեղից մինչև առաջին «հարյուրը» արագացնում են 2,5 վայրկյանում, իսկ մինչև երկրորդը՝ 6,8 վայրկյանում։
