ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Կուբայում հնարավոր գործողությունը կարող է զարգանալ Վենեսուելայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների սցենարով։ Այս մասին Թրամփը հայտարարել է Axios Show-ին տված հարցազրույցում։

Պատասխանելով հնարավոր միջամտության վերաբերյալ հարցին՝ ԱՄՆ նախագահը նշել է. «Հնարավոր է։ Դա հնարավոր է»։

Նա հավելել է, որ Կուբայի աշխարհագրական մոտիկությունը Միացյալ Նահանգներին նման գործողությունները դարձնում է «զգալիորեն ավելի հեշտ»՝ համեմատած ավելի հեռավոր տարածաշրջանների հետ։

Թրամփը համեմատել է նաև տարածաշրջանի երկրների ռեսուրսները՝ նշելով, որ Վենեսուելան ունի նավթի խոշոր պաշարներ, իսկ Կուբան՝ շահավետ աշխարհագրական դիրք և ծովափնյա գոտի։

Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմում արդեն մշակվել են Կուբայում հնարավոր ճգնաժամի դեպքում արձագանքման տարբերակներ, որոնցում ներգրավված է նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Միևնույն ժամանակ Թրամփը շեշտել է, որ նախընտրում է իշխանափոխության խաղաղ սցենարը։ Նրա խոսքով՝ հնարավոր գործողությունների ժամկետները մնում են «ճկուն»։

Share.