Հայաստանի ղեկավարությունը դեպի ԵՄ երկրի շարժվելու մասին օրենքի ընդունմամբ «հարցը կտրուկ է դրել» և այժմ պետք է «պատասխան տա խոսքերի համար»։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նախարարը նշել է, որ Հայաստանն այժմ անցնում է ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Եվրամիության «կա՛մ-կա՛մ, ընտրե՛ք» կաղապարի փորձությունը։

Լավրովը նաև հիշեցրել է նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ինքը «պարտավոր է այլընտրանք տրամադրել», իսկ որոշողը լինելու է Հայաստանի ժողովուրդը։

«Եթե այդպես է, ապա պետք է ցույց տալ այդ այլընտրանքները և հանրաքվե հայտարարել։ Արդեն ընդունվել է դեպի Եվրոպական միություն պաշտոնական շարժ սկսելու մասին օրենքը։ Եթե նման օրենք կա, նշանակում է՝ դու արդեն ինքդ ես հարցը կտրուկ դրել, բայց այդ դեպքում եկեք պատասխան տանք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին»,-նշել է Լավրովը։

Ռուսաստանը, նրա խոսքով, կընդունի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։

Share.