Աթենքի Ակրոպոլիսը Հին Հունաստանի հուշարձանն է և առաջին արևմտյան ժողովրդավարության խորհրդանիշը։ Հենց այս վայրն էլ ԱՄՆ պետքարտուղարն ընտրել էր իր պետական այցի ընթացքում ծրագրային ելույթի համար, որում նա Արևմուտքին զգուշացրեց անկումից։
«Այսօր մենք կանգնած ենք խաչմերուկում,- հայտարարել է Ռուբիոն։ Ըստ նրա՝ միայն այն դեպքում, եթե Եվրոպան և ԱՄՆ-ն պահպանեն իրենց տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական հզորությունը, կկարողանան պահպանել աշխարհում առաջատար դերը, գրում է Bild-ը։- Ճանապարհը, որը մենք կընտրենք, կորոշի՝ Արևմուտքը կպահպանի՞ իր տեղը աշխարհի գագաթին, թե՞ կհաշտվի ապագայի հետ, որը բաղկացած է քայքայումից, կախվածությունից և անկումից։ Կամ մենք գործում ենք հիմա, կամ ընդհանրապես կկորցնենք որևէ բան ձեռնարկելու հնարավորությունը»։
ԱՄՆ պետքարտուղարը քննադատել է ազգայնականության վարկաբեկումը և այն փաստը, որ հենց այդ բառը հայհոյանքի է վերածվել․ «Այդ պատճառով մենք քանդում էինք մեր հուշարձանները, դատապարտում էինք մեր սեփական պատմությունը և շատ վայրերում մեր երեխաներին սովորեցնում էինք ամաչել այն երկրներից, որոնց ժառանգությունն իրենք կրում են։ Միևնույն ժամանակ մենք բացում էինք մեր սահմանները, մեր արդյունաբերությունը տեղափոխում արտասահման և թույլ տալիս, որ մեր զինված ուժերն ավելի ու ավելի անկում ապրեն»։
Մրցակից տերությունները լցրել են այն վակուումը, որը թողել էր Արևմուտքը, եզրակացնում է Ռուբիոն։ Այդ պատճառով մարդիկ պետք է կրկին ձեռք բերեն նախորդ սերունդների ոգին, որոնք բացահայտում էին նորը և ռիսկի էին դիմում՝ իրենց ազգերն առաջ մղելու համար։ Դեռևս հույները իրենց ժամանակին հասկանում էին, որ ոչ մի ամոթալի բան չկա սեփական երկիրն առաջին տեղում դնելու և նրա շահերը վճռականորեն պաշտպանելու մեջ, հայտարարել է պետքարտուղարը։
«Մենք հավատում ենք, որ Եվրոպան կարող է արթնանալ իր երկարատև՝ Քնած գեղեցկուհու նինջից և կրկին բորբոքել այն կրակը, որը վառվել էր այստեղ հազարամյակներ առաջ։ Դրա նշաններն արդեն կան»,- շարունակել է Ռուբիոն՝ նկատի ունենալով Եվրոպայի աճող պաշտպանական ծախսերը։
Դիտորդները Ռուբիոյի ելույթը մեկնաբանում են որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճամբարի ևս մեկ կոչ՝ միավորվելու Չինաստանի և այլ պետությունների հետ մրցակցության մեջ։ ԱՄՆ պետքարտուղարը ավելի վաղ արդեն զգուշացրել էր Եվրոպային իր քաղաքական նշանակությունը կորցնելու վտանգի մասին և այժմ հանդես է եկել նմանատիպ տոնով՝ սակայն խուսափելով աջ շրջանակներում տարածված եվրոպական քաղաքակրթության «ոչնչացման» մասին խոսույթից։
