![ա](/sites/default/files/inline-images/%D5%B7%D5%BF%D5%A1%D5%BA%20%D6%85%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%B4%D5%A5%D6%84%D5%A5%D5%B6%D5%A1_1.jpg)
«Շտապօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում սկսել է գործել հետադարձ հեռախոսազանգի համակարգը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ ներդրված և արդեն իսկ գործող համակարգի շնորհիվ 1-03 հեռախոսահամարի մուտքային բոլոր զանգերը կգրանցվեն և կապահովվի հետադարձ կապ:
«Այսօր մեր կանչերի թիվը բավական պակասել է, բայց շատ կանչերի դեպքում բավականին բողոքներ կային, որ շտապօգնությունում հեռախոսազանգերին չեն պատասխանում: Համակարգը ներդրվել է նրա համար, որ զանգերն անպատասխան չմնան»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ նոր համակարգի շնորհիվ կբարելավվի շտապօգնության աշխատանքը:
Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ «Շտապօգնության» ծառայությունը օրական միջինում 650 կանչ է սպասարկում: «Եթե համեմատենք 1.5-2 ամիս առաջ ընկած ժամանակահատվածի հետ, երբ կանչերի թիվը հասնում էր օրական 1000-ի, ապա կտեսնենք, որ դրանք նվազել են»,-ասաց նա՝ հավելելով, որ շաբաթվա կտրվածքով գրանցվում է նաև մոտ 300 մանկական կանչ:
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը նշեց, որ կանչերը հիմնականում կապված են սիրտ-անոթային, սուր-շնչառական հիվանդությունների հետ: Գրանցվում են նաև ճանապարհատրանսպորտային պատահարներով պայմանավորված կանչեր:
0Comments