Մենք կառավարման համակարգի փոփոխություններ չպետք է անենք՝ վերադառնալով, օրինակ, կիսանախագահական համակարգին

Մանրամասներ

Ամենևին փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` այն, որ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով են ձևավորում, ամենևին փաստ չէ, որ այն կպսակվի սահմանադրական փոփոխություններով:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե չորս տարվա գործունեությունից հետո խնդիր ունեն «աուդիտի ենթարկել» գործող Սահմանադրությունն ու տեսնել, թե ինչ լավարկման տեղեր ու հնարավորություններ կան. այդ պատճառով է ստեղծվել հանձնաժողովը:

«Մենք կտեսնենք, թե ինչ նյութ է ձևավորվում հանձնաժողովի աշխատանքով աուդիտի արդյունքում, որից հետո արդեն քաղաքական որոշում կայացնելու հերթը կգա», - ասաց նա:

Հարցին` նպատակ կա՞ փոխել կառավարման համակարգը` վերադառնալով, օրինակ, կիսանախագահական համակարգին` ՀՀ վարչապետը պատասխանեց, թե իր համոզմունքն է` կառավարման համակարգը չպետք է փոխվի:

Նա ասաց, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինքը մտածել է կառավարման համակարգի փոփոխության մասին, սակայն հետագայում, երբ ընտրությունների միջոցով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվեց, հասկացել է` եթե Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգում չլիներ, մեծ էր հավանականությունը, որ շատ լուրջ ցնցումների միջով կանցներ երկիրն ու ճգնաժամն ավելի կխորանար:

«Ոչ, մենք կառավարման համակարգի փոփոխություններ չպետք է անենք», - ընդգծեց ՀՀ վարչապետը: