2011-ի հոկտեմբերին Լիբիայում հեղափոխության ամենաթեժ պահին ապստամբների կողմից դաժանորեն սպանված նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի աճյունը կհանձնվի նրա ցեղին՝ վերահուղարկավորման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով AlHadath-ին:
Լիբիական աղբյուրների համաձայն, Միսուրաթա քաղաքի նշանավոր ներկայացուցիչների եւ ալ-քադաֆ ու ալ-մուջաբար ցեղերի ավագների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Մուամար Քադաֆիի, նրա որդի Մուաթասիմի, ինչպես նաեւ Լիբիայի առաջնորդի օրոք ՊՆ-ն ղեկավարած Աբու Բաքր Յունիս Ջաբերի աճյունները փոխանցելու մասին:
Չնայած այն բանին, որ Քադաֆիի սպանությունից անցել է գրեթե 10 տարի, նրա գերեզմանի տեղը դեռ գաղտնիք մնում եւ հասանելի է միայն մարդկանց այն նեղ շրջանակի համար, ովքեր անմիջականորեն մասնակցել են գնդապետի հուղարկավորությանը եւ ովքեր երդվել ն Ղուրանի վրա ամեն ինչ գաղտնի պահել: Սակայն մի քանի օր առաջ աշխարհազորայինների առաջնորդներից Սալահ Բադին հայտարարել էր Քադաֆիի գերեզմանի տեղը բացահայտելու պատրաստակամության մասին, հատկապես Քադաֆիի, նրա որդու եւ նրանց դաշնակցի աճյունները նրանց ցեղակիցներին փոխանցելու տապալված ռեժիմի կողմնակիցների կոչերի ֆոնին՝ որպես ներլիբիական հաշտեցման նախապայման:
Մուամար Քադաֆին սպանվել է 2011 թվականի հոկտեմբերի 20-ին՝ իր հայրենի Սիրտ քաղաքի համար վերջին մարտի ժամանակ: Գնդապետը, իրեն հավատարիմ մի խումբ մարդկանց հետ, շրջապատվել եւ գերեվարվել էր ապստամբների կողմից, որոնք դաժանաբար հաշվեհարդար էին տեսել նրա հետ՝ մի քանի ժամ խոշտանգելով եւ ծաղրելով, այնուհետեւ մարմինը հանրային ցուցադրության էին դրել Միսուրատեի առեւտրի կենտրոնում: Հոկտեմբերի 25-ի լուսադեմին նրան, նրա որդուն եւ Աբու Բաքր Յունիսին թաղել էին Լիբիայի անապատի գաղտնի վայրում: Թաղման ժամանակ, ըստ որոշ աղբյուրների, ընդամենը ութ մարդ էր ներկա եղել:
0Comments