Անգամ ամենաանելանելի իրավիճակում Աստված մեր կողքին է. Արժանի լինենք սրբերի սխրանքներին

Աստված գոյություն ունի և մշտապես կողքին է նրանց, ովքեր հավատում են նրան և օգնություն խնդրում

ա

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Դանիել մարգարեի և Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք մանուկների հիշատակության օրը:

Դանիել մարգարեն

Սուրբ Դանիել մարգարեն հին կտակարանի չորս մեծ մարգարեներից է՝ մեկն աստվածաշնչյան այն մարգարեներից, ում անունով կա Աստվածաշնչի կանոնում ներառված գիրք: Նա սերում է Իսրայելի թագավորական ցեղից: Ապրել է Քրիստոսի ծննդից առաջ 6-րդ դարում: 

Դանիելը Հովակիմի թագավորության ժամանակ բաբելոնյան գերեվարված երիտասարդներից մեկն էր, ով դաստիարակություն էր ստացել բաբելացի Նաբուգոդոնոսոր արքայի արքունիքում: Քանի որ շատ խելացի էր՝ օժտված զանազան շնորհներով, արքունիքում կարևոր պաշտոն է ստացել:  Նաբուգոդոնոսոր թագավորի երազը մեկնաբանելու համար Դանիելը հռչակ է ձեռք բերում, ինչն արթնացնում է պաշտոնյաների նախանձը: Նրանք մեղադրում են Դանիելին ուրիշ աստվածների պաշտելու մեջ՝ պահանջելով  թագավորից առյուծների գուբը նետել նրան: 

Դանիելը նետվում է գիշատիչների գուբը: Հաջորդ օրը, երբ թագավորն անձամբ գալիս է գբի մոտ՝ սգալու հավատարիմ և իմաստուն ծառայի կորուստը, հանկարծակիի է գալիս. ի պատասխան արքայի ողբի` Դանիել մարգարեն ձայնում է, թե Աստված փակել է առյուծների բերանը, որովհետև ինքն ուղիղ է սրտով և որևէ հանցանք չի կատարել արքայի դեմ: Նաբուգոդոնոսորի հրամանով նրան հանում են գուբից և փոխարենը չարախոսողներին նետում այնտեղ:

Երեք մանուկներ՝ Սեդրակ, Միսաք և Աբեդնագով

Այս մանուկները Դանիել մարգարեից անբաժան են՝ թե՛ տոնակատարությամբ և թե՛ պատմությամբ:

Նրանք Դանիելի և ուրիշների հետ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքայի հրամանով ընտրվել էին, որպեսզի բարձր ուսում ստանային և հետագայում բարձր պաշտոններ զբաղեցնեին: Ուսման ավարտին որպես իշխաններ նշանակվեցին «բաբելացիների աշխարհի գործերի վրա»: Այդ բարձր դիրքում էլ երբեք չմոռացան Աստծուն և շարունակեցին Նրա օրենքներին հավատարիմ մնալ, ինչը որ բացահայտվեց մի հանդիսավոր առիթով: 

ՀԵտաքրքիր է մի դրվագ՝ նրանց մասնակցությամբ: Նաբուգոդոնոսոր արքան մի ոսկի արձան էր կանգնեցնել տվել և դրա նավակատիքի, այսինքն բացմանը մասնակցելու համար հրավիրել էր երկրի բոլոր մեծամեծներին, որոնց թվում նաև այս երեք երիտասարդ գործակալներին: Միջոցառումն այս արձանի երկրպագությունն էր, որը հանդիսանում էր Բաբելոնյան կուռքերի գերագույն մարմնացումը: Երեք ընկերները երկրպագելը մերժում են՝ ասելով. «Մենք երկնքում մեր Աստվածը ունենք, որին արդեն պաշտում ենք, և այս թող քեզ հայտնի լինի, արքա, որ մենք քո կուռքերին չենք կարող պաշտել և ոչ էլ երկրպագել կարող ենք քո կանգնեցրած ոսկե արձանին»:

Թագավորը բարկացավ և հրամայեց նրանց բորբոքված հնոցի մեջ նետել: Հնոցում ոչ միայն չայրվեցին երեք մանուկները, այլև Աստծուն օրհնաբանող երգեր երգեցին: Նաբուգոդոնոսորը, լսելով նրանց օրհնաբանության ձայները, անչափ զարմացավ, բայց առավել ևս զարհուրեց, երբ նրանց հետ մի չորրորդ էակ էլ նշմարեց, «որը իր տեսքով նման էր Աստծո Որդուն»: Ուստի դուրս կանչեց. «Սեդրա՛կ, Միսա՛ք եւ Աբեդնագո՛վ, բարձրյալ Աստծու ծառանե՛ր, ելե՛ք և եկե՛ք»: Սեդրակը, Միսաքն ու Աբեդնագովը դուրս ելան կրակի միջից: Հավաքվեցին նախարարները, կուսակալները, թագավորի զորավարներն ու զորագլուխները, և տեսնում էին այն մարդկանց, որոնց մարմնին կրակը չէր վնասել, նրանց գլխի մազերը չէին խանձվել, նրանց անդրավարտիքները չէին գունաթափվել, և կրակի հոտ չկար նրանց վրա» (Դան. 4:93-94): Այս տեսնելով արքան ևս երկրպագեց Տիրոջը:

Անշուշտ, մեծ է սրբերի դերը քրիստոնեության հաստատման մեջ: Նրանք իրենց կենցաղով ու վարքով փաստեցին, որ Աստված գոյություն ունի և մշտապես կողքին է նրանց, ովքեր հավատում են նրան և օգնություն խնդրում: Մենք էլ՝ որպես Աստծու արժանի հետևորդներ կյանքում մեզ հետ ունենանք սրբերի սխրանքը և փորձենք արժանի դառնալ նրանց առաքելությանը՝ պահպանելով մեր քրիստոնեական հավատը և վստահ լինելով, որ անգամ ամենանելանելի իրավիճակում Աստված մեր կողքին է:

qahana.am