Ներարգանդային սերմնավորում հնարավոր կլինի իրականացնել նաև մարզային ԲԿ-ներում. Նոր որոշում

Մանրամասներ

ա

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում հավանություն տվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագծին:

Հարցը ներկայացրեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ով նշեց, որ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ վերջին 3 տասնամյակների ընթացքում արձանագրվել է ծնելիության և ժողովրդագրական ցուցանիշների վատթարացում:

Մասնավորապես, պտղաբերության ցածր (1.6) մակարդակը չի ապահովում անգամ պարզ վերարտադրություն, որի համար անհրաժեշտ է 2,1 գործակից: Արդյունքում, ծնելիության գործակիցը շարունա¬կաբար նվազել է (1990 թ.՝ 22.5‰, 2000 թ.՝ 10.6‰, 2010 թ.՝ 14.7‰, 2019 թ.՝ 12.2‰)՝ կրճատվելով 1.8 անգամ:

Որպես հետևանք, կենդանածինների թիվը  1990 թ. համեմատ կրճատվել է 2.2 անգամ (2020 թ.` 36448  կենդանի ծնունդ՝ 1990 թ. 79882-ի դիմաց), իսկ բնական աճի ցուցանիշը` 4,9 անգամ (2019 թ. այն կազմել է՝ 3.4‰՝ 1990թ. 16.3‰-ի դիմաց): 2020թ.` կապված Արցախյան երկրորդ պատերազմի և կորոնավիրուսային համավարակի հետ, բնական աճի ցուցանիշը նվազել է մինչև կրիտիկական ցուցանիշ, կազմելով ընդամենը 0,4:

Եթե դրան ավելացնենք երկրում արձանագրված անպտղության գրեթե ճգնաժամային մակարդակը  (14,9), ապա հասկանալի է դառնում անհապաղ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ իրենք ստացել են բազմաթիվ խնդրանքներ, որ մարդիկ, որոնք ուզում են երեխա ունենալ, անհարկի իրավունքի սահմանափակումների պատճառով զրկված են երեխա ունենալու բերկրանքից:

«Այս փոփոխությունների արդյունքում մենք տարանջատել ենք օժանդակ տեխնոլոգիաների մեջ ներառված ծառայությունների խմբերը: Այսուհետեւ նաեւ մարզային ԲԿ-ները հնարավորություն կունենան որոշակի ծառայություններ մատուցելու: Նախկինում դա ամբողջական համալիր ծառայություն էր դիտարկվում եւ լիցենզավորման, սարք-սարքավորումների, մասնագետների բավական բարձր  պահանջներ էին դրված: Այնինչ այդ ծառայությունների խմբում կան որոշակի ուղղություններ, որոնց դեպքում այդ բարդ պահանջնեևրի կարիքը չկա:

Բացի դրանից մենք սահմանել ենք բոլոր շահառուների, դոնորների, փոխնակ մայրերի եւ ծառայությունների պարտադիր էլեկտրոնային միասնական համակարգի ձեւավորման պահանջ: Սա թույլ կտա հսկել, որ մեկ դոնորը հնարավորություն չունենա սահմանված քանակից ավել դոնորություն անել տարբեր ԲԿ-ներում:

Ներդրել ենք նաեւ սաղմի դոնորության հնարավորությունը: Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մի քանի սաղմեր ստանալ եւ մարդիկ առաջին 1-2 անգամը հաջող ստանալուց հետո երեխաներ ունենում են, բայց ունենում ենք սաղմիկների ռեգիստր, որն անընդունելի է թափոնացնելը: Եթե անպտուղ զուգեր կան, որոնք ուզում են դա ընդունել այդ նվիրատվությունը եւ երեխա ունենալ:

Հանել ենք արգելափակումները կանանց համար, որոնք ցանկություն ունեն երեխա ունենալու եւս կարողանան օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից»:

Նախարարը հավելեց, որ անգամ կորոնավիրուսի պայմաններում, երբ շատ բժշկական ծառայություններ հետաձգված էին, արդեն 80 բալիկ ունեն՝ շնորհիվ այս ծրագրի: