ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԼՂ-ում մարտական գործողությունների արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավորվել է ավելի քան 8 հազարը, գրում է ria.ru-ն։
«Զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, գերազանցել է 4 հազարը, վիրավորվել է ավելի քան 8 հազար մարդ»,- ասել է նա։
Պուտինի խոսքով՝ փախստականների թիվը, տարբեր տվյալներով, տասնյակ հազար է՝ արձանագրելով, որ ավերվել են նաև «շատ մշակութային օբյեկտներ» և քաղաքացիական ենթակառուցվածքներ:
«Հուսով եմ՝ մենք այլևս չենք օգտագործի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը։ Հուսով եմ՝ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։
0Comments