ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Ջարեդ Քուշներն ամփոփել է Աբու Դաբիում, Մոսկվայում և Դուբլինում երեք օր տևած բանակցությունների արդյունքները՝ նշելով, որ գրանցվել է «իմաստալից առաջընթաց» կողմերի մտահոգությունները հասկանալու և «հնարավոր լուծումներ գտնելու» հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Երկու կողմերն այժմ համաձայնել են ընդլայնել բանակցությունների հաջորդ փուլը և դրանում ներառել մեր եվրոպացի գործընկերներին։ Դա մեզ հնարավորություն կտա անդրադառնալ հետպատերազմյան եվրոպական անվտանգության ավելի լայն համակարգին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տարածքային հարցերին զուգահեռ», – հավելել է նա։

Ուկրաինան մշտապես հանդես է եկել եվրոպական երկրների մասնակցությամբ բանակցություններ անցկացնելու օգտին, սակայն Ռուսաստանը կտրականապես դեմ է եղել դրան։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քուշների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպմանը հայտնել էր, որ Մոսկվան երբեք դեմ չի եղել Եվրոպայի հետ երկխոսությանը։

Քուշները նաև անդրադարձել է այն պայմաններին, որոնք հարկավոր են տևական խաղաղության հասնելու համար։«Ռազմական գործողությունների երկարաժամկետ դադարեցումը կպահանջի հուսալի անվտանգության երաշխիքներ, հակամարտությունների կանխարգելման մեխանիզմներ և լարվածության թուլացման փոխադարձ պարտավորություններ՝ ապագա հակամարտության ռիսկը նվազեցնելու համար։ Մենք նախագահ Զելենսկու հետ պայմանավորվել ենք սերտ կապ պահպանել նրա և նրա թիմի հետ և վերահաստատել ենք, որ եվրոպական անվտանգության վերաբերյալ որևէ ավելի լայն պայմանավորվածություն չի կարող վերջնականացվել՝ առանց հաշվի առնելու անվտանգության ոլորտում Ուկրաինայի մտահոգությունները», – շարունակում է Քուշները։

Նա նշել է, որ աշխատանք է տարվում մինչև այժմ ռազմագերիների ամենալայնածավալ փոխանակման ուղղությամբ։ Քուշներ նաև հայտնել է, որ շուտով կհայտարարվեն բանակցությունների ուղղությունները, ժամանակացույցը և այլ մանրամասներ։«Նախագահ Թրամփը վճռական է՝ վերջ դնելու այս սարսափելի պատերազմին։ Զգալի տարաձայնությունները դեռ պահպանվում են, սակայն մեզ լավատեսություն է ներշնչում արձանագրված առաջընթացը։ Մենք կիրականացնենք անհրաժեշտ բոլոր բարդ դիվանագիտական ջանքերը՝ գտնելու այնպիսի բեկում, որը թույլ կտա դադարեցնել մարտական գործողությունները և հիմք կստեղծի երկարատև խաղաղության, ինքնիշխան, պաշտպանված ու բարգավաճ Ուկրաինայի և առավել կայուն Եվրոպայի համար», – եզրափակել է ԱՄՆ բանագնացը։

Նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում բանակցություններ են կայացել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև։ Աբու Դաբիում եվրոպական կողմը առանձին հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցային խմբի անդամների հետ։

Նոյեմբերի 12-ին Քուշներն ու Ուիթքոֆը մեկնել են Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև մեկնել են Դուբլին և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Դուբլինում ամերիկյան թիմը նաև խորհրդակցություններ է անցկացրել Ուկրաինայի, Գերմանիայի, Իտալիայի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և Լեհաստանի ազգային անվտանգության հարցերով խոհրդականների հետ։

Share.