ԱՄՆ զինված ուժերը հարված են հասցրել Իրանի հարավում գտնվող Քեշմ կղզուն՝ պաշտպանական նպատակներով և ի պատասխան Թեհրանի հարձակման։ Այս մասին հայտնում են ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ։

Press TV հեռուստաալիքը հայտնել է, որ Քեշմ կղզում պայթյուններ են լսվել։ The Wall Street Journal-ը գրել է, որ հարվածների հետևում կանգնած են ԱՄՆ զինված ուժերը, որոնք վերջին մի քանի շաբաթների ընթացքում գաղտնի շարունակել են ավելի փոքր մասշտաբի հարվածներ հասցնել Իրանին։

«Դա պաշտպանական միջոց էր՝ ի պատասխան իրանցիների կողմից ամերիկյան օբյեկտների ուղղությամբ «երկիր-օդ» դասի հրթիռների կիրառման», – NewsNation հեռուստաալիքի լրագրող Քելի Մեյերին հայտնել է ամերիկացի անանուն պաշտոնյան։

Նման տեղեկություն է հայտնել նաև Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը՝ նշելով, որ հարվածը եղել է ի պատասխան երկուշաբթի օրը Իրանի կողմից ամերիկյան ինքնաթիռի գնդակոծության, այլ ոչ թե ԱՄՆ-ի կողմից նոր լայնածավալ հարվածների մեկնարկ։

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդի փոխանցմամբ՝ ամերիկյան կործանիչը հարվածել է կղզում տեղակայված հրթիռային կայանքներին՝ ի պատասխան Քեշմ կղզուց ԻՀՊԿ-ի կողմից Հորմուզի նեղուցի վրայով թռչող ամերիկյան ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծության։

Share.