ԱՄՆ ռազմաօդային ուժերն Իսրայելի ավիաբազաներում առնվազն 43 լիցքավորող ինքնաթիռ է տեղակայել, որոնք կարող են օգտագործվել Իրանի դեմ հարվածների ժամանակ ռազմավարական և մարտավարական ավիացիոն գործողություններին աջակցելու համար, հայտնում է ռուսական «Ինտերֆաքսը»՝ հղում անելով բրիտանական ավիացիոն ռեսուրս Military Air Tracking Alliance (MATA)-ի տվյալներին։

Արբանյակային պատկերների համաձայն՝ իսրայելական Նեգևի անապատում գտնվող Ռամոնի ավիաբազայում ներկայումս տեղակայված է 25 ամերիկյան լիցքավորող ինքնաթիռ, իսկ Իսրայելի հարավում գտնվող Օվդա ավիաբազայում՝ չորսը։ Եվս 18 այդպիսի ինքնաթիռ գտնվում է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում։

Այս տեղեկությունները հրապարակվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին, որ ԱՄՆ-ն կարող է կրկին հարվածել Իրանին: Նման վերջին հայտարարությունը Սպիտակ տան ղեկավարն արել է երեկ՝ Այովա նահանգում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ:

«Եվ միակ պատճառը, որ ես դեռ չեմ ավարտել Իրանի հետ կապված իմ հաշիվները, այն է, որ ես ուզում եմ բարի լինել … Ես ուզում եմ փորձել փրկել այդ բոլոր կյանքերը, եթե կարողանամ… Բայց ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք ուժ կիրառել», – ասել է նա:

Ավելի վաղ Times of Israel-ը հաղորդել էր, որ անցյալ շաբաթ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 10 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ վայրէջք են կատարել Իսրայելի ավիաբազաներում։ Այս ինքնաթիռների մեծ մասը թռել է ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի Բիգսի անվան ռազմական օդանավակայանից:

Այնտեղ տեղակայված է բանակի 69-րդ հակաօդային պաշտպանության հրետանային բրիգադը, որը հագեցած է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերով և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերով: Ինքնաթիռները վայրէջք են կատարել Իսրայելի Նևատիմի և Օվդայի ավիաբազաներում:

Share.