Շաբաթ առավոտյան՝ հոկտեմբերի 17-ին, դիմակավորված շուրջ 100 անձ հարձակվել է Փարիզում ֆրանսիական CNews հեռուստաալիքի գլխամասային գրասենյակի վրա։ Նրանք փակել են ավտոկայանատեղիի մուտքը, տարբեր առարկաներ նետել շենքի ուղղությամբ և կոտրել մի քանի պատուհան։ Ոստիկանությունը 21 մարդու է բերման ենթարկել, AFP գործակալությանը հայտնել են Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանության պրեֆեկտուրայից։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում՝ Փարիզի արևմտյան հատվածում։ Թիրախում հայտնված շենքում, CNews-ի խմբագրությունից բացի, տեղակայված է նաև Europe 1 ռադիոկայանը։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրավապահների միջամտությունից հետո հարձակվողներին հաջողվել է ցրել։ Կատարվածի հանգամանքներն ու նրանց դրդապատճառները պարզվում են։

CNews-ում դատապարտել են կատարվածը՝ շեշտելով, որ լրագրողները պետք է հնարավորություն ունենան աշխատելու առանց վախի, ճնշումների և բռնության։ Խմբագրությունից նաև ընդգծել են, որ մամուլի ազատությունը ենթադրում է լրագրողների անվտանգություն՝ անկախ նրանից, թե որ լրատվամիջոցն են նրանք ներկայացնում։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ համազգային բողոքի ցույցերի օրը։ Ակցիաներին միացել են որոշ արհմիություններ, բնապահպաններ և «դեղին բաճկոններ» շարժման նախկին մասնակիցներ։

Նախօրեին Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարը դատապարտել էր լրագրողների նկատմամբ տեղի ունեցած այն բռնության դեպքերը, որոնք տեղի էին ունեցել ուսանողական և դպրոցական վերջին ցույցերի ժամանակ։

Share.