Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է հոկտեմբերի վերջին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ հրեական պետության դեմ նախապատրաստվող հարձակման նշանների մասին։
«Մենք ազդակներ ունենք այն մասին, որ ընտրությունների շեմին մեր թշնամիները կփորձեն հարձակվել մեզ վրա», — «Թել Նոֆ» ավիաբազայում հայտարարել է վարչապետը։
Իր գրասենյակի տարածած տեսաուղերձում Նեթանյահուն հորդորել է Իսրայելի հակառակորդներին զերծ մնալ նման քայլից։
«Ձեռք չտաք մեզ ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ․ մեր երկար ձեռքը կհասնի ձեզ ցանկացած վայրում և ցանկացած պահի», — հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարը։
Նեթանյահուն նաև թվարկել է վերջին շրջանում տարբեր ուղղություններով իսրայելական բանակի արձանագրած մի շարք ռազմական հաջողությունները։ Մասնավորապես, նա նշել է, որ Գազայի հատվածում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ավելի քան 100 ծայրահեղական է սպանվել։
